ԱԺ արտահերթ նիստ. 17 թիվն ավելի բարեհունչ է, ավելի լավ չէ՞ այդ թիվը գրել
28/04/2014 19:02

ԱԺ արտահերթ նիստ. 17 թիվն ավելի բարեհունչ է, ավելի լավ չէ՞ այդ թիվը գրել

Ազգային ժողովում մեկնարկեց արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվում է հաշվիչ հանձնաժողովը ձևավորելու նախագծում փոփոխություն կատարրելու մասին հարցը:

Հիշեցնենք, որ արտահերթ նիստ է գումարվում, քանի որ ԱԺ վեց խմբակցություններից հինգը՝ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն» և ՕԵԿ, դուրս են եկել ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կազմից՝ հրաժարվելով մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:

Այսպես՝ հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ իրենք առաջարկում են՝ հանձնաժողովի անդամ 11 պատգամավորների թիվը փոխել՝ դարձնելով 13. «ՀՀԿ-ին տալ 7 տեղ, ԲՀԿ-ին՝ 2, մեկական տեղեր՝ մյուս խմբակցություններին»,- մանրամասնեց ՀՀԿ պատգամավորը:

Սուքիաս Ավետիսյանին հարցով դիմեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ երբ որևէ առաջարկ է արվում, պետք է ներկայացվի նաև դրա հիմնավորումը:

«Պարոն Սուքիասյան, ինչո՞ւ եք առաջարկում 13 պատգամավորով հանձնաժողով ստեղծել, ասեիք, օրինակ, 17. Այդ թիվն ավելի բարեհունչ է»,- ասաց ԲՀԿ պատգամավորը:

Ի պատասխան Ս. Ավետիսյանն ասաց, որ հիմնավորումը մեկն է՝ իրենք ցանկանում են ԱԺ բնականոն աշխատանք ապահովել. «Հենց դրա համար էլ նման փոփոխություն ենք առաջարկում»:

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ հարցրեց, թե ինչպե՞ս է պատահում, որ ՀՀԿ-ի տեղերը հանձնաժաղովում մշտապես ավելանում են, իսկ մյուս խմբակցություններինը՝ մնում նույնը: Ըստ էության՝ Ս. Ավետիսյանն այս հարցին էլ չտվեց հիմնավորված պատասխան՝ ասելով, որ բոլոր հանձնաժողովներում ՀՀԿ-ն պետք է ունենա մեծամասնություն:

«Ըստ կանոնակարգի՝ ԱԺ հանձանաժողովը ձևավարվում է ԱԺ գումարման նստաշրջանի սկզբին և պահպանվում ողջ ընթացքում:
Ավելի լավ չի՞ լինի գրել՝ հանձնաժողովը ձևավորվում է այնպես, որ ՀՀԿ-ն միշտ ունենա մեծամասնություն, ձևեր կան էլի, ինչի՞ եք ամեն անգամ թիվ ավելացնում»,- դիմելով Սուքիաս Ավետիսյանին՝ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

ՀՀԿ-ական պատգամավորն ի պատասխան ասաց, որ անհասականալի որևէ բան չկա. «Ով ինչ առաջարկ ունի, մենք կարող ենք քննարկել: Կանոնակարգի 24 հոդվածի համաձայն՝ մենք նոր հանձնաաժողով չենք ձևավորում, այլ՝ լրացնում ենք հանձնաժողովի կազմը՝ ԱԺ բնականոն աշախատանքը ապահովելու համար»,- կրկնեց պատասխանը Սուքիաս Ավետիսյանը: 

Նախորդող հրապարակումներ՝ ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի այսօր

ՀՀԿ-ն մտահոգված է. Իրավական կազուս՝ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներում