Բալետ պարողները քողարկված են «քյարթու» դիմակի տակ
29/04/2014 19:55

Բալետ պարողները քողարկված են «քյարթու» դիմակի տակ

«Իմ հեռանալուց հետո դժվար է ասել, թե ինչ կլինի, բայց ես մտածելու ոչինչ չունեմ: Ես ունեմ 25 տարվա աշխատանքային փորձ, և ծանոթ լինելով ամբողջ աշխարհի անցուդարձին՝ հետագայում խնդիրներ ու բարդություններ, համենայնդպես ինձ համար, ես չեմ տեսնում: Դա էր պատճառը, որ ես մինչև 2017 թվականը ծրագիր էի մշակել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպես մեկնաբանեց օպերայի և ազգային բալետից իր հեռանալը բալետմեյստր Ռուդոլֆ Խառատյանը:

Նշենք, որ Խառատյանը Հայաստանում աշխատում է արդեն 4 տարի, բայց արի ու տես, որ այսօր այդ տարիների աշխատանքը կարծես թե չի գնահատվում: Ու թեև նա այդ մասին անգամ չի էլ բարձրաձայնում, բայց նա մի տեսակ ընկճված է, մտահոգված է, նեղսրտած ու վիրավորված: Եվ ինչպես ինքն է ասում՝ ոչ թե իր անձի, այլ բալետի համար:

Դե իհարկե, զարմանալու ոչինչ էլ չկա: Զարմանքը նույնպես մեր օրերում հրաշքի պես մի բան է դարձել: Մեր օրերում հրաշք կարելի է համարել նաև արվեստը, որին փոխարինելու են եկել փողոցային բարքերն ու ժառգոնային խոսակցությունները: Մինչդեռ արվեստն այլևս մեռած է ու անհետաքրքիր շատերի համար:

Ինչևէ՝ ում կամ ինչու էր ձեռնտու Խառատյանին բալետից անջատելը, դժվար է ասել, բայց Խառատյանը գտնում է, որ խնդիրնրն առաջացել են իր խստության պատճառով: Ըստ նրա՝ այսօր կարգուկանոնը բացակայում է առհասարակ թատրոնից: Նրա խոսքով՝ այսօր մեր պարողներն ուզում են չաշխատել, բայց փող ստանալ:

Անդրադառնալով իր աշխատանքային գործունեությանը՝ բալետմայստերը պարզաբանեց, որ իր աշխատանքով ինքը փորձել է բացառապես նպաստել հայկական բալետի կայացմանը, բայց արի ու տես որ այդ տարիների աշխատանքը ջուրն ընկավ:«Արեցի ամեն ինչ, որպեսզի հասականամ, թե ինչպես կարող եմ ընդլայնել հայ բալետը: Ես ցանկություն ունեի ինձ հետ տանել Հայաստանի ներուժը, բայց արդեն այսօր այդ ցանկությունն էլ իրեն սպառում է: Ես փորձում էի ուղղվածություն մտցնել, բայց չստացվեց: Մինչև 2017 թվականը ծրագրեր էի մշակել, որոնք ցավոք սրտի կիսատ թողեցի: Ես հիմք դրեցի դասականի ու ժամանակակից պարի միջև, որն այսօրվա փիլիսոփայության մասին է խոսում, բայց ավաղ՝ դրանք իրենց ավարտին չհասցվեցին: Ես արել եմ այն ինչ կարողացել եմ և լուրջ ներդրում ունեմ բալետում»,- ասաց նա:

Խառատյանի խոսքով՝ եթե այսօր Հայաստանը չի կարողանում լավ մեքենա արտադրել, պետք է արվեստով ներկայանա, բայց արվեստի ուժը, չգիտես ինչու, չի օգտագործվում: «Մենք նույնպես պետք է մեր հոգևոր արժեքները ցույց տանք համաշխարհային ընտանիքում: Բալետն այն հզոր գործիքն է, որով մենք կարող էինք ներկայանալ բոլորին: Բալետը թարգմանելու կարիք չունի, բայց մենք կարող էինք ցույց տալ հայկական ոգին, հայոց պատմությունը առանց որևէ քաղաքականության: Այդ ուժը մինչ օրս չենք օգտագործել և չենք էլ կարողանում օգտագործել, մեր իսկական դեմքը ցույց տալ աշխարհին: Ամեն տեղ միայն ֆոլկլորն ենք ցույց տալիս, բայց բալետն ավելի հզոր է»,- ասաց Խառատյանը:

Իր հետագա անելիքների մասին խոսելիս՝ Ռ Խառատյանը նշեց, որ ինքն ամեն դեպքում շարունակելու է իր աշխատանքը: «Ես տարին 2 անգամ գնում եմ ԱՄՆ և վարպետության դասեր տալիս: Ես ամբողջ աշխարհի բալետային ընտանիքի անդամ եմ: Իմ առաքելությունն այն էր, որ ես գայի Հայաստան ու այստեղ զարգացնեի հայկական բալետն ու միացնեի այդ ընտանիքին: Մենք էլ ունենք ասելիք, որ կուզենայի այդ մասին իմանար բալետի համաշխարհային ընտանիքը, բայց չստացվեց»,- հուսալքված նշեց բալետմայստերը:

Հարցին ի պատասխան՝ չե՞ք ուզում հիմնել այստեղ ձեր դպրոցը, Խառատյանը նշեց, որ դեռ այդպիսի մտադրություն չունի: «Դեռ ժամանակը չէ: Գուցե հետագայում նման նախաձեռնություն իրականացնեմ, բայց այսօր նման ծրագիր դեռևս չունեմ: Երբ կզգամ, որ մարդկանց ենթագիտակցությունը փոխվել է, այդ ժամանակ էլ կհիմնեմ: Իմ աշակերտներն ամբողջ աշխարհի մակարդակով ոսկե ու բրոնզե մեդալակիրներ են, բայց այստեղ ինձ չեն հասկանում: Պարողը երբ գալիս է թատրոն, պետք է ինքը հասկանա, որ դա փողոց չէ: Պետք է ինտելեկտ ունենա: Իսկ եթե այդ հասկացողությունը չկա պարողի գիտակցության մեջ՝ ուրեմն նա պարող չէ: Իմ աչքերն արդեն ռենտգեն ապարատ են, որ պարողին նայելով հասկանում եմ՝ նա կարող է պարել, թե ոչ: Պարողի ագամ մկարնները հատուկ ձև ունեն: Մերոնց մարմինը գալարաձև է, բայց ծույլ են ու քողարկված»,- մանրամասնեց նա:

Խառատյանի համոզմամբ՝ հայ պարողները թաքնված են «քյարթու» դիմակի տակ: Այսինքն՝ իրենց դրսևորում են այնպես, ինչպես որ իրականում չկան: «Իրականում դա ոչ թե դաստիարակություն է , այլ թուլություն: «Ախպերությունը» նույնպես հարգի է, բայց դա առանձին ընտանիք է, որը պետք է թատրոնից դուրս գա: Ես չեմ ասում, թե դա նեգատիվ կամ պոզիտիվ է, բայց դա իրականում խանգարում է պարողներին, հատկապես թատրոնում»,- ընդգծեց Խառատյանը:

Հարցին, իսկ որտեղ է իրական մեր ներուժը՝ բանախոսն ընդգծեց, որ այդ ներուժը եղել է, կա ու կլինի: «Մեր ներուժը Հայաստանն է, որն աղբյուրի նման ծնում է լավ կարդրեր: Պարզապես պետք է մերոնք կայանան: Մեր դպրոցը հնացած է և մենք անընդհատ հետ ենք ընկնում աշխարհից: Իսկ պարողը պետք է աշխատի: Եթե աշխատի, դրսում հաղթելու հնարավորությունը մեր երիտասարդությունն իսկապես ունի: Իսկ այսօր պարողները միայն մտքում են ասում են, թե ամեն ինչ կարող են անել: Բայց մեզ ոչ թե մեռնողներ են պետք, որ հանուն հայրենիքի ամեն ինչ անեն, այլ հաղթողներ, որ իսկապես գնան ու հաղթեն: Մեր պարողներն ուզում են կռվել, բայց հաղթելու համար դեռ պատրաստ չեն»,- ասաց նա և շարունակեց, որ պետք է ի վերջո կարգուկանոն հաստատվի: Եվ այդ կարգուկանոնը պետք է լինի ոչ միայն թատրոնում այլ ամբողջ երկրում: «Հուսով եմ, որ լավ կլինի ամեն ինչ: Այսօր մենք ունենք մի խումբ, որն իսկապես աշխատում է, բայց նրանց խանգարողնեը շատ են: Եթե նրանց չխանգարեն, նրանց մեծ մասը կդառնա թե մտածող, թե կատարող»,- եզրափակեց նա: