Ակցիայի մասնակից. Աշոտյանը գողեգող փախել է նախարարության շենքից
29/04/2014 17:46

Ակցիայի մասնակից. Աշոտյանը գողեգող փախել է նախարարության շենքից

Կրթության և գիտության նախարարության մոտ բողոքի ակցիա իրականացնող մանկավարժները սպառնում են դասադուլ և գործադուլ անել, եթե նրանց պահանջները չկատարվեն:

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ «նախարար Աշոտյան գողեգող փախել է նախարարության շենքից»: Ինչից հետո ակցիայի մասնակիցները սկսեցին բղավել «ամոթ»:

«Ամաչում եմ, որ մեր ղեկավարության մեջ կան նման տղամարդիկ, որ պետք է ազգին ներկայանան՝ որպես օրինակ: Մեզ թողեցին այստեղ կանգնած, առանց մեր պատասխանի: Առաջարկում եմ փոխանցենք պահանջագիրը և սպասենք գրավոր պատասխանի, տեսնենք, թե ինչ հորինվածք կլինի: Չեմ ուզենա մտածել, որ նախարարը այս մակարդակի է հասել»,-ասաց ակցիայի այն մասնակիցը, ում հայտնի էր դարձել նախարարի հեռանալու մասին:

Նշենք, որ այս ակցիայի ժամանակ ուսուցիչների կողքին են «Դեմ եմ» նախաձեռնության անդամները: Ավելի վաղ ցուցարարներին մոտեցավ ՀՀ ԿԳՆ մամուլի խոսնակ Արթուր Բաղդասարյանը: Նա հորդորեց բարձրանալ նախարարի մոտ, սակայն մանկավարժները մերժեցին հրավերը, ասելով, որ գոնե տարին մեկ անգամ թող նախարարը ուսուցիչներին ընդառաջ գա:

Քիչ առաջ Արթուր Բաղդասարյանը ևս մեկ անգամ իջավ ակցիայի մասնակիցների մոտ ու խոստացավ պահանջագիրը փոխանցել նախարարին: Նա հավելեց, որ նախարարի առաջարկը մնում է ուժի մեջ. «Ա. Աշոտյանը միշտ պատրաստ է ընդունել մանկավարժներին, քննարկել յուրաքանչյուր հարց»:

Նա նաև հավելեց, որ մանկավարժների պահանջը փոխանցել է Աշոտյանին, սակայն չի կարող ասել, թե ինչու չի իջնում հանդեպելու նրանց:

Բողոքի ակցիայի մասնակիցները հորդորեցին բոլոր մանկավարժներին՝ հաջորդիվ միանալ ակցիաերին. «Մեր պահանջը մնում է նույնը, որ նախարարը այստեղ հանդիպի մեզ»:

Նախորդող հրապարակում՝ Մանկավարժներ. Պահանջում ենք բացել սոցցանցերի նախարարություն

 

Ակցիայի մասնակից. Աշոտյանը գողեգող փախել է նախարարության շենքից