865+1. Իծաքար. Հայաստանի ամենացուրտ գյուղը գազաֆիկացված չէ
29/04/2014 20:33

865+1. Իծաքար. Հայաստանի ամենացուրտ գյուղը գազաֆիկացված չէ



865+1: Aysor.am -ի նոր շարքը Հայաստանի 866 գյուղական համայնքների մասին է:  

Տավուշի մարզի Իծաքար գյուղը գտնվում է Նավուրի հարևանությամբ՝ գողտրիկ մի վայրում: Գյուղի ընդհանուր մակերեսը  3.4 կմ/քառակուսի է: Գյուղը սկզբում հինվել է իբրև անասնապահական ամառանոց՝ 1888 թվականին, այնուհետև՝ Խորհրդային տարիներին, որպես փոքր բնակավայր համարվել է Նավուր գյուղի թաղամաս: Սկսած 1991թ.-ից՝  Իծաքարն առանձնացել է Նավուրից և ստացել ինքնուրույն համայնքի կարգավիճակ: Իծաքար գյուղը գտնվում է ադրբեջանական սահմանից 12կմ հեռավորության վրա: Համայնքի զբաղեցրած տարածքն ընդհանուր առմամբ կազմում է 5385.72 հա, որից` 1034 հա արոտներ են:

Գյուղը ծերացող չէ...

Իծաքար անվանումը գյուղը ստացել է գյուղացիների կողմից: Գյուղի սարերից մեկի վրա հսկայական քարեր կան, ինչի համար գյուղը ստացել է այդ անվանումը: Իծաքարում հիմնականում բնակվում են արմատներով արցախցիներ: Այսօր գյուղն ունի ընդհանուր առմամբ 333 բնակիչ, որոնց մեծ մասը երիտասարդներ են: Գյուղի բնակիչների մեջ ծերեր հիմնականում չկան: Այսօր գյուղի ամենատարեցը համարվում է Չիլինգարյան Վարուժանը, ով 93 տարեկան է: «Ծերացող գյուղ չենք համարվում: Հիմնականում երիտասարդ ընտանիքներ են բնակվում այստեղ»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց գյուղապետ Արամ Դանիելյանը, ով գյուղը ղեկավարում է 1999 թվականից:

Գյուղի բնակիչները պատմում են, որ ժամանակին այստեղ ապրող ծերերը հիմնականում եղել են երկարակյացներ: Գյուղի ամենածերը եղել է 116 տարեկան: Գյուղացիները հիշում են նրան՝ սպիտակամորուս, ալեխառն Քյասպար պապը, ով աչքի է ընկել իր աշխուժությամբ:

Կյանքը սառել է. Ոչ մի հետաքրքրություն չկա...

Գյուղում այսօր կարելի է ասել, որ ոչ մի պատմամշակութային արժեք չկա: Կյանքը սառել է. ոչ մի հետաքրքրաշարժ վայր չկա: Իսկ պատմամշակութային արժեքների մեծ մասն այսօր ավերված է: Գյուղում կա միայն մի փոքրի մատուռ՝ Կապտավանքը, որը հայտնի է դեռ վաղ միջնադարից: Այն ավելի մոտ է հարևան Չինչինին և գտնվում է Իջևան տանող ճանապարհի վրա: Գյուղի արժեքներից է համարվում նաև Սուրբ Խաչ մատուռ-եկեղեցին, որն ավերված է ամբողջությամբ:

Ամենացուրտ Իծաքարում գազ չկա, բայց...

Սահմանամերձ, բայց փոքրիկ այս բնակավայրը համարվում է տարածաշրջանի ամենացուրտ գյուղերից մեկը, որտեղ բացի կարտոֆիլից ու ոլոռազգիներից բացի ոչինչ չի աճում: Ամռանը միջին ջերմաստիճանը գրանցվում է +18, իսկ ձմռանը՝ -3C: Գյուղի բնակիչները տունը տաքացնում են վառելափայտով, որը երբեմն ստիպված են լինում գնել կրկնակի՝ թե ամառը, և թե ձմեռը: Այստեղ գյուղացիները հիմնականում զբաղավում են անասնապահությամբ, բուսաբուծությամբ, իսկ մի մասն էլ մեղվաբուծությամբ: Իծաքար գյուղն ունի փոքրիկ մի խանութ, բուժկետ, որն աշխատում է շաբաթական երկու օր, դպրոց ու մանկապարտեզ: Գյուղը գազաֆիկացված չէ, չունի ոչ խմելու, ոչ էլ ոռոջման ջուր: Վատ են աշխատում նաև կապի միջոցները: Գյուղացիները հիմնականում օգտվում են Viva Cell ընկերության ծառայություններից:

Թեև ժամանակին գյուղում տրանսպորտ է աշխատել, բայց այսօր գյուղացիները այդ «հաճույքից» ևս զրկված են: Բերդ քաղաք հասնելու համար ստիպված տաքսի են կանչում, կամ հարևանի անձնական մեքենաներով են գնում: Իսկ հաճախ էլ չեն գնում: Ինչպես ասում են՝ «գյուղում մի կենդանի շոֆեր չի մնացել»... Բոլորն արտագնա աշխատանքի են մեկնել:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ա. Դանիելյանը, խոսելով գյուղի խնդիրներից, ընդգծեց նաև, որ հիմնական խնդիրը խորդուբորդ ճանապարհներն են: «Անմխիթար վիճակում են, որ երբևէ չեն վերանորոգվել: Խեղճ գյուղացիները, եթե մեքենա չի լինում, ոչ մի տեղ չեն գնում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է դպրոցին, ապա դպրոցը վերանորոգված է: «Չունի միայն սպորտդահլիճ: Դպրոցը նախատեսված է 200 աշակերտի համար, բայց այստեղ սովորում է միայն 37 երեխա: Հիմնականում բոլորն էլ ավագ դասարանի երեխաներ են»,- ասաց նա:

Դպրոցում դասավանդում է 8 ուսուցչուհի: Ինչ վերաբերում է մանկապարտեզին, ապա այն վերանորոգված չէ, այստեղ աշխատում է ընդամենը երկու դաստիարակ: Մանկապարտեզ հաճախում է գյուղի երեխաներից ընդամենը12-ը:

Գյուղը բացարձակ անգործության է մատնված

Ու թեև գյուղը կարելի է ասել բաձարձակ անգործության է մատնված, գյուղացիները չեն հուսալքվում. «Այստեղ մեր տունն է, որտեղ մեծացել ենք, հիմա էլ ապրում են մեր երեխաները»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց գյուղացիներից մեկը, ով պատմեց նաև, որ իր հետ միասին գյուղում ապրում են իր որդիները, թոռներն, ու անգամ ծոռները:

«Դե սեզոնին գնում են Ռուսաստան, աշխատում ու հետ են գալիս»,- ասաց նա՝ շարունակելով, որ թեև գյուղում բացարձակ անգործություն է տիրում, բայց գյուղը սովորականի նման շարունակում է ապրել իր բնականոն հունով: «Աշխարհից կտրված չենք: Հեռուստացույցով դիտում ենք, թե ինչ է կատարվում շուրջբոլորը: Հիմա էլ ինտերնետ ունենք»,- նշեց նա:

Գյուղում չի աշխատում մշակույթի տունը, որտեղ ժամանակին ակտիվ մշակութային միջոցառումներ են կազմակերպել: Գյուղի բնակիչները հիշում են, որ այստեղ թատրոն էր գալիս, ֆիլմեր էին ցուցադրվում, նկարների ցուցահանդեսներ կազմակերպվում, բայց այսօր հասարակ գյուղացու միակ զբաղմունքը շարունակում է մնալ անասնապահությունը, ընդ որում՝ միայն խոզաբուծությունը...

 

865+1. Իծաքար. Հայաստանի ամենացուրտ գյուղը գազաֆիկացված չէ