.jpg)
Իրանի ԱԳՆ. Ընտրություններին մասնակցելը Սիրիայի ժողովրդի իրավունքն է
«Սիրիայում անցկացվելիք նախագահական ընտրությունները կարևոր դեր ունեն երկրում կայունություն հաստատելու գործում»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարզիե Աֆխամը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Բաշար ալ-Ասադի՝ Սիրիայի նախագահի թեկնածու առաջադրվելու վերաբերյալ որոշմանը, մասնավորապես նշել է. «Ժամանակն է, որպեսզի ընտրությունների անցկացմամբ առիթ ընձեռնվի, որ երկրում առկա խնդիրները լուծվեն և կայունություն հաստատվի. Ընտրությունների անցկացումը տարածաշրջանի ժողովուրդների հիմնական իրավունքներից մեկն է, հետևաբար այդ իրավունքից օգտվելը Սիրիայի ժողովրդի համար ևս չպետք է բացառություն լինի»:
Նշենք, որ ս.թ. ապրիլի 28-ին Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադը սահմանադրական դատարանին էր ներկայացրել նախագահի թեկնածություն առաջադրելու մասին հայտը:
Ավելի վաղ, ԻԻՀ ԱԳ նախարարի՝ Աֆրիկայի և արաբական երկրների հարցերով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) կատարած այցի ընթացքում «Ռոյթերզ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով սիրիական ճգնաժամի հանգուցալուծման հեռանկարին, մասնավորապես նշել էր. «Իրանը չի ձգտում Բաշար ալ-Ասադի հարատև պաշտոնավարմանը, սակայն միևնույն ժամանակ դեմ է, որպեսզի ծայրահեղականները փոխարինեն նրան»:
Հիշեցնենք, որ Սիրիայի խորհրդարանը մարտին ընդունել էր օրենք, որը երկրի պատմության մեջ առաջին անգամ թույլ էր տալիս ընտրություններին մասնակցել մի քանի թեկնածուի: Օրենքի համաձայն` նախագահի թեկնածուն կարող է լինել 40 տարին լրացած, վերջին 10 տարում Սիրիայում բնակված յուրաքանչյուր ոք, ով չունի օտարերկրյա քաղաքացիություն և ստացել է 250 պատգամավորներից գոնե 35-ի աջակցությունը: