ՕԵԿ-ի համար համագործակցությունը կլինի «լավին լավ, վատին` վատ» սկզբունքի վրա
29/04/2014 17:19

ՕԵԿ-ի համար համագործակցությունը կլինի «լավին լավ, վատին` վատ» սկզբունքի վրա

««Օրինաց երկիր» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ այսուհետ գործում է որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, և մենք շարունակելու ենք մեր գործունեությունը կառուցել մարդակենտրոն քաղաքականության վրա»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

«Հաշվի առնելով ներկայիս ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը` ՕԵԿ-ն ընդլայնելու է պայքարը առկա բացասական երևույթների դեմ: Միաժամանակ կարևորելու ենք, որպեսզի բարեփոխումները միտված լինեն իրենց նպատակին և ծառայեն քաղաքացուն և ոչ թե լինեն զուտ բարեփոխումներ՝ հանուն բարեփոխումների. դրանք ոչ մեկին պետք չեն»,- ասաց նա:

Կուսակցության հետագա գործունեությունը, Մ. Շահգելդյանի խոսքով, հիմնված կլինի ծրագրերի, ապագայի վերաբերյալ իրենց տեսլականի վրա. «Ինչպես և հայտարարել էինք` չենք գալիս ինչ-որ մեկի տեղը գրավելու: Համագործակցությունը քաղաքական ոլորտում պատկերացնում ենք` «լավին լավ, վատին` վատ սկզբունքով» և ոչ թե կենտրոնանալով` իշխանություն, թե ընդդիմություն: Մեզ համար կարևոր չէ, թե ով է ծրագրի հեղինակը, կարևորը դրա գաղափարն է, որը միտված կլինի ստեղծված ծանր իրավիճակից երկիրը դուրս բերելուն»,- ասաց Մ. Շահգելդյանը: