25-ամյա փրկարարը չարորակ ուռուցք ունի. Բուժման համար 100 հազար եվրո է պետք
29/04/2014 20:41

25-ամյա փրկարարը չարորակ ուռուցք ունի. Բուժման համար 100 հազար եվրո է պետք

Մասնագիտությամբ փրկարար 25-ամյա Ռոբերտ Մելիքյանը չարորակ քաղցկեղ ունի: Այսօր լրանում է Ռոբերտի երեխայի 6 ամսականը, բայց մոր խոսքով՝ հայրը չի կարող նրան գրկել:

«Գերմանիայից հենակներով եկավ, կարողանում էր շարժվել, բայց հիմա այլևս անկողնուց վեր չի կենում»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ռոբերտի մայրը՝ Սվետլանա Մելքումյանը:

Նրա խոսքով՝  որդու մաշկի վրա խալ է եղել, ու անցյալ տարի ամռանը հետազոտվելուց հետո պարզվել է, որ նրա մոտ ուռուցք կա:

«Այդ խալը անհանգստացնում էր և օգոստոս ամսին հետազոտվելուց հետո պարզվեց, որ որդուս մոտ ուռուցք կա: Վիրահատվելուց հետո 3 կուրս քիմիաթերապիա է ստացել, դրանից հետո կատե հետազոտությամբ պարզվել է, որ որովայնի մեջ գոյացություններ կան: Մենք դադարեցրինք քիմիաթերապիան, և նրան մարտ ամսին երկրորդ վիրահատությունը կատարվեց, որից հետո տարբեր լաբորատորիաներ ենք տարել և տարբեր պատասխաններ են տվել: Մենք որդուս Գերմանիա տարանք, որ ճիշտ ախտորոշում նշանակեն և պարզվեց, որ ուռուցքը արագ տարածվում է օրգանիզմում: Այժմ սպասում ենք լաբորատոր փորձաքննության պատասխանին, որից հետո իրենք բուժման տարբերակներ կնշանակեն, սակայն ասել են, որ մոտ 100 հազար եվրո նախատեսենք ծախսերի համար»,- ասաց նա:  

Մոր խոսքով՝ թեև այստեղ նրանց առաջարկել են քիմիաթերապիա, սակայն Գերմանիայում կտրականապես արգելել են դա և ասել, որ նրան անհրաժեշտ է դեղորայքային բուժում, բացի այդ այստեղ տարբեր մասնագետներ տարբեր բուժումներ են խորհուրդ տալիս, այդ պատճառով էլ ցանկանում են բուժումը այնտեղ իրականացնել:

Տիկին Սվետլանայի խոսքով՝ լաբորատոր փորձաքննության պատասխանը կլինի 15 օրից մինչև 3 շաբաթվա ընթացքում, որից հետո պետք է անհապաղ բուժում իրականացվի:

Ռոբերտի բժիշկ՝ Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապևտ Կարինե Կոնստանտինովնան Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք բուժումը իրականացնում են համաշխարհային պրոտոկոլի համաձայն:

«Ես հասկանում եմ իրենց, քանի որ այստեղ տարբեր բժիշկներ տարբեր ախտորոշում են նշանակել, սակայն մեր նշանակած ախտորոշումը հաստատվել է նաև Գերմանիայում: Համաշխարհային պրոտոկոլի համաձայն՝ նա պետք է քիմիաթերապիա և իմունոթերապիա ստանա, թեև Գերմանիայում դեղորայքային բուժում են խորհուրդ տվել, թե մասնավորապես ինչ, դեռևս հայտնի չէ»,- ասաց նա:

Ռոբերտին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարին.

Converse Bank 1930047705770104 

արտասահմանից փոխանցումների կոդը՝ swift code COVBM22

25-ամյա փրկարարը չարորակ ուռուցք ունի. Բուժման համար 100 հազար եվրո է պետք