«Հայաստանի բնակչությունը դրական է տրամադրված Ղրիմի անկախացմանը»
30/04/2014 16:06

«Հայաստանի բնակչությունը դրական է տրամադրված Ղրիմի անկախացմանը»

Հարցումները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչությունը դրական է տրամադրված Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելուն: Այսօր լրագրողնեի հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով իրականացված հարցումները, նշեց Հայաստանում Gallup International Association ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Նշենք, որ հարցումն իրականցվել է այդ ընկերությունը՝ սեփական նախաձեռնությամբ՝ դեմ առ դեմ հարթակում, ապրիլի 8-18-ը ընկած ժամանակահատվածում: Հարցմանը մասնակցել է 1067 մարդ Երևանից, մարզային կենտրոններից ու մի շարք գյուղերից: Հարցումը բաղկացած է եղել 8 հարցից, որոնք առնչվել են հիմնականում Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններին ու Ղրիմի հանրաքվեին: Հարցմանը մասնակցել են տարբեր տարիքի ու սեռի ներկայացուցիչներ՝ սկսած 18 տարեկանից:

Ա. Նավասարդյանի համոզմամբ՝ հարցումներից պարզ է դարձել, որ հայերը նույնպես հետաքրքրվում են Ուկրաինայում ծավալվող իրադրաձություններով ու մտահոգվում են Ղրիմի ճակատագրով. «Սա հետազոտություն էր, որի շրջանակներում անդրադարձել ենք մի քանի թեմատիկ խնդիրների»:

Հարցին, թե լսե՞լ եք Ուկրաինայում իրականացված հեղափոխության մասին՝ 98%-ը նշել է, որ այո, հետաքրքրվում է: Իսկ հարցվողների 8%-ը նշել է, որ անտարբեր է դրանց վերաբերվում: Կիևում տեղի ունեցած արյունալի իրադարձություններին դրական գնահատական է տվել հարցվողների միայն 4%-ը:

«Ավելի շուտ դրական է գանահատել հարցվողների 12%-ը, ավելի շուտ բացասական՝ 35%-ը, իսկ ընդհանրապես բացասական՝ 42%: Իսկ ընդհանուր առմամաբ՝ այդ հարցի հետ կապված բացասական է արտահայտվել հարցվողների 77%-ը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Ղրիմի անկախացմանը՝ հարցվողների 26%-ը տվել է լիովին դրական պատասխան: «Ավելի շուտ դրական պատասխան է տվել 44%-ը, ավելի շուտ բացասական՝ 10%-ը, իսկ ընդհանրապես բացասական է գանահատել 8%-ը: Հարցին դժվարացել է պատասխանել 12%-ը: Ընդհանուր առմամբ հարցվողների 70%-ը դրական է գնահատել Ղրիմի հանրաքվեն»,- ասաց բանախոսը:

Հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում Ղրիմի միացմանը Ռուսաստանին՝ հարցվողների մեծ մասը կրկին դրական պատասխան է հնչեցրել: Լիովին դրական՝ 37%-ը, ավելի շուտ դրական՝ 47%, ավելի շուտ բացասական 8%, ընդհանրապես բասական՝ 4%: Այստեղ նույնպես դրական պատասխանները ընդհանուր առմամբ կազմում է 77%:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը՝ ապա հարցվողների մեծ մասը կրկին դրական է արձագանքել այս հարցին: Այս հանգամանքը Ա. Նավասարդյանը պայմանավորեց Ղարաբաղի խնդրով:

«Չեմ ուզում պնդել, թե սա ռուսամետ որոշում է, բայց գտնում եմ, որ սա պայմանավորված է նրանով, որ մարդիկ տեսան, թե ինչ տեղի ունեցավ Ղրիմի ազատ կամարտահայտության հարցում: Սա խոսում է այն մասին, որ հայերը կողմ են նրան, որ Ռուսաստանը սատար կանգնեց Ղրիմին: Մենք ունենք նմանատիպ խնդիր, որը կապված է Ղարաբաղի հետ: Հասարակ մարդիկ քաղաքագետ չեն, բայց քաղաքական գործընթացների հանդեպ անտարբեր էլ չեն»,- պարզաբանեց բանախոսը:

Ուշագրավ է եղել նաև Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ հարցվողների պատասախանները, որոնց մեծ մասը դրական պատասխան է տվել հարցին՝ Հայաստանը արդյոք ճի՞շտ քայլ կատարեց ճանաչելով Ղրիմի անկախացումը: Բացասական պատասխան է տվել միայն հարցվողների 12%-ը, իսկ 15% դժվարացել է այս հարցին պատասխանել: Իսկ հարցին՝ հնարավոր համարում եք Հայաստանում նման նախադրյալներ՝ հարցվողների մեծ մասը նշել է, որ ոչ:

«Հարցվողների միայն 25%-ն է նշել այո, հնարավոր համարում եմ նման նախադրյալները Հայաստանում, իսկ 10%-ը դժվարացել է այս հարցին պատասխանել ընդհանրապես»,- հավելեց Նավասարդյանը՝ մանրամասնելով, որ այդ մարդիկ նաև պատասխանել են հարցի՝ թե ի՞նչ կլինի Հայաստանում, եթե այդպիսի գործողություններ ծավալվեն: Նրա հավաստմամբ՝ այս հարցին պատասխանողների 33%-ը ասել է, որ Հայաստանում իշխանափոխություն կլինի, 28%-ը՝ Ադրբեջանն ու Թուրքիան կօգտվեն հանգամանքից ու պատերազմ կսկսեն, իսկ 25%-ը նշել է, որ Մարտի 1-ի օրինակով կլինեն անիմաստ ու անդառնալի կորուստներ:

«Հարցվողների 20 %-ը նշել, թե Հայաստանը կկանգնի ծանր տնտեսական կացության առջև, 18%-ը՝ Հայաստանը կդառնա ավելի ժողովրդավար: Իսկ 9% գտնում է, թե Ուկրաինայի օրինակով՝ Հայաստանը կկանգնի մասնատման վտանգի առջև»:
 

«Հայաստանի բնակչությունը դրական է տրամադրված Ղրիմի անկախացմանը»