.jpg)
Ավարտվել է «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ փառատոնը
Ապրիլի 30-ին ավարտվել է «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ փառատոնը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը ասաց, որ իրեն գոհացնում են փառատոնի արդյունքները, իսկ սկսնակ դերասանների խաղի վերաբերյալ նա նշեց, որ այն իրեն ուրախացրել է:
«Շատ ուրախ եմ Ռոմեոյի կերպարը մարմնավորած սկսնակ դերասան Նարեկ Հարությունյանի համար, ով բոլորին գրավեց իր խաղով, հուզումով ու հմայքով, Արա Գևորգյանի համար, ով փայլեց իր դերակատարմամբ, Վարազդատ Փանոյանի համար, ուրախ եմ բոլորիս համար»,- ասաց նա:
Մ. Մխիթարյանի խոսքով՝ փառատոնի հանդիսատեսը շատ տարբեր է և դրանում է հետաքրքրությունը, և եթե տարբեր կարծքիներ կան փառատոնի վերաբերյալ, ուրեմն այն կայացել է:
«Փառատոնը կարևոր է ոչ միայն փոխադարձ շփումների արդյունավետության, այլև արտերկրում ճանաչվածություն ձեռք բերելու առումով: Փառատոնին նաև տարբեր երկրների փառատոնների տնօրեններ են մասնակցում, որոնք այս կամ այն ներկայացումը հավանելու դեպքում այն առաջարկում են ցուցադրել իրենց երկրում»,-ասաց նա:
Մ. Մխիթարյանը նաև նշեց, որ մոնոներկայացումները ավելի բարդ ժանր են, քանի որ «ինչ-որ պահի չես կարող թաքնվել գործընկերոջ հետևում, սակայն այժմ տարածված են աշխարհում և հնարավորություն են տալիս մեկ-երկու հոգով ներկայացնել քո երկիրն ու գործը»:
Նա նաև հիշեցրեց, որ այս տարի փառատոնի ընթացքում ցուցադրվել է 17 ներկայացում՝ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Լիտվայից հրավիրված դերասանների մասնակցությամբ: