.jpg)
Բ. Սահակյանն այցելել է Մարտակերտ, մասնակցել 2013-ի աշխատանքների ամփոփմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջան: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանն այցելել է Թալիշ գյուղ և մասնակցել բնակավայրի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Բակո Սահակյանը Թալիշի ազատագրումը համարել է մեր շոշափելի հաղթանակներից մեկը՝ կարևորելով հաղթական ոգու պահպանումը, մատաղ սերնդի հայեցի դատիարակությունը և բոլոր նահատակների հիշատակը վառ պահելը: Երկրի ղեկավարը հայրենքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալ է հանձնել մի խումբ ազատամարտիկների, որոնցից երկուսը՝ հետմահու, և «Վաչագան Բարեպաշտ» մեդալ` բարերար Բորիս Սաղաթելյանին՝ գյուղին ցուցաբերած շարունակական աջակցության համար:
Այնուհետև Բակո Սահակյանն այցելել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի հատվածներից մեկը և ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:
Նույն օրը ԼՂՀ Նախագահը Մարտակերտ շրջկենտրոնում մասնակցել է 2013թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված շրջվարչակազմի նիստին: Զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Նախագահ Սահակյանը նշել է, որ Մարտակերտի շրջանի յուրահատկությունը կայանում է նրանում, որ ունի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար մեծ ներուժ, և այն լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք և տեղերում նախաձեռնողականության խթանում: Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նախագահ Սահակյանն այցելել է նաև Կաշենի լեռնահանքային համալիր և ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին:
Միջոցառումներին մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: