«Քաղաքական նոր իրավիճակ է հասունանում, որը դեռ ոչ բոլորն են գիտակցում»
30/04/2014 16:38

«Քաղաքական նոր իրավիճակ է հասունանում, որը դեռ ոչ բոլորն են գիտակցում»

Երկրում հասունացած քաղաքական նոր իրավիճակը ոչ բոլորն են գիտակցում են. Նախագահ Սերժ Սարգսյանի` իշխանության ղեկն անձամբ ոչ մի ձևաչափում երրորդ ժամկետով չվերցնելու մասին հայտարարությունն իրականում խաղի նոր կանոններ է հայտարարում, որոնք դեռ մինչև վերջ չեն ընկալվել: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնելով, որ երկրի ղեկավարն ասել է, որ այլևս երբեք չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար` Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ն կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարություն ունենալ Հայաստանում այն կանոններով, որոնք կկայացվեն Սահմանադրական բարեփոխումներով:

«Այս մեկ պարագրաֆի մեջ իրականում խտացված ու կանխորոշված է նոր քաղաքական իրականությունը, որն այսօր թելադրվում է ապագա տասնամյակի համար: Քաղաքական դաշտն անցնում է ցանցային, հորիզոնական կառավարման մոդելին` ալևս էապես նվազելու է մեկ մարդու դերը պետական կառավարման հիերարխիայում և կտրուկ աճելու է քաղաքական կուսակցությունների դերը: Հենց այս իրողությունը չգիտակցած գործիչներն են, որ այս օրերին կաշվից դուրս են գալիս` ապագայի մեջ իրենց դիրքավորելով, ինչը միայն ժպիտ կարող է առաջացնել»,- ընդգծեց Շարմազանովը:

Երկրի ղեկավարը, շարունակեց խոսքը նա, հստակ ամրագրել է իր համոզմունքը, այն է` գալիք տարիներին որոշիչ է լինելու հենց ՀՀԿ-ի ասելիքը և ոչ թե որևէ մեկ անհատի, հայտնի գործչի կամ նախկին-ապագա ղեկավարի:

«Ակնհայտ է, որ առաջիկա տասնամյակում կուսակցությունն իր չափերով, կազմակերպվածությամբ ու քաղաքական ռեսուրսով շարունակելու է մնալ առաջատարը Հայաստանի քաղաքական դաշտում: Նախագահ Սարգսյանն իր հայտարարության մեջ հստակ ամրագրել է, որ պետական կառավարման ամենաբարձր օղակներում իրենց տեսնող մարդկանց համար պետության կառավարման ղեկին ձգտելու հիմնական, եթե ոչ միակ ճանապարհը ՀՀԿ-ն է և եթե որևէ մեկը գալիք տարիների ընթացքում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ճանապարհն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով: Ո՞րն է պահի ամենաուշագրավ կողմը, հենց Սերժ Սարգսյանի կողմից ինքնաբացառումն է, ինչը նշանակում է, որ դաշտը բաց է ու մրցակցային, բայց այդ մրցակցությունը առաջին հերթին ՀՀԿ-ի ներսում է»,- հայտարարեց Է. Շարմազանովը:

Եզրափակելով խոսքը` Է. Շարմազանովն ասաց, որ այդ գործընթացները առաջիկա տարիներին կբերեն որակական նոր թռիչքով ապրող կուսակցության, որն էլ կլինի ուղեցույց այլ քաղաքական ուժերի համար:

Նախորդող հրապարակում՝ Սերժ Սարգսյան. Այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ Նախագահի պաշտոնի համար
 

«Քաղաքական նոր իրավիճակ է հասունանում, որը դեռ ոչ բոլորն են գիտակցում»