.jpg)
Կառավարությունը հավանեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի առաջարկը
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Կառավարությանը հարց ուղղեց, որով համագործակցության առաջարկ արեց: Ու թեև ՕԵԿ-ն արդեն հայտարարել է, որ այսուհետև հանդես է գալու «ընդդիմադիր» առաջարկներով, բայց կարծես թե ՕԵԿ-ականների պահվածքն առայժմ հուշում է, որ դեռևս պատրաստ չեն դրան:
Անդրադառնալով ավտոտեխզննումների կտրոններին՝ Հ. Մարգարյանը նշեց, որ 100 հազարավոր սեփականատերեր մտահոգված են հատկապես տեխզննման գործընթացով:
«Գաղտնիք չէ, որ մարդիկ վճարում են, բայց իրականում այդ գործընթացը չի իրականացվում»,- շեշտեց պատգամավորը, հավելելով՝ մի խումբ պատգամավորներ արդեն հանդես են եկել այդ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկով:
«Պետք է այդ գործընթացը իրականացնել ոչ թե տարին մեկ անգամ, այլ 3 տարին մեկ անգամ, ինչը թույլ կտա աստիճանաբար անցում կատարել հարևան Վրաստանում գործող օրենքի օրինակին: Մենք առաջարկում ենք հանել այդ կտրոնները: Այսպես, թե այնպես՝ առանց կտրոնների էլ մարդիկ տուգանվում է 20 հազար դրամի չափով: Մենք առաջարկում ենք Կառավարությանը համագործակցել ու միասին որոշում կայացնել և պատրաստ ենք փոխընդունել օրինագիծ մշակել»,- ասաց Մարգարյանը:
Հովհաննես Մարգարյանի առաջարկին անտարբերություն չկարողացավ ցուցաբերել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, ով նշեց՝ Կառավարությունը նույնպես պատրաստ է պատգամավորների հետ համագործակցել:
«Գիտենք, որ պարտադիր ԱՊՊԱ-ի տեխզննման գործընթանցն ավարտված է: Նորանշանակ վարչապետը հանձնարարական է տվել ուսումնասիրել այդ գործընթացը: Ըստ էության՝ այդ բազաները կնույնականանան և այդ կտրոնները փակցնելու անհրաժեշտություն այլևս չի լինի: Ինչ վերաբերում է 2-րդ խնդրին՝ ապա այստեղ մոտեցումները տարբեր են և միջազգային փորձը վկայում է, որ տրասնպորտային միջոցների համար մեկ մոտեցում գոյություն չունի. դրանք տարբեր են և մեր օրենսդրության մեջ տարբեր հիմքերը կան»,- մանրամասնեց Հ. Թովմասյանը, ում համոզմամբ՝ կտրուկ փոփոխությունները պետք է հստակ գնահատել:
«Պետք է հասկանալ, թե ինչ խնդիրներ կառաջանան հետագայում՝ հատկապես սպասարկման ոլորտում: Կառավարության որոշումը նույնպես պայմանավորված կլինի դրանցով: Այսինքն՝ անհրաժեշտ է համապատասխան ուսումնասիրություններ իրականացնել, հասկանալու համար, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել: Այս բոլորը մենք պատրաստ ենք քննարկել ու լուրջ որոշումներ առաջարկել»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:
Պարզվեց, որ այդ ուսումնասիրություններին դեմ չէ նույն ինքը՝ «ընդդիմադիր» պատգամավոր Հովհաննես Մարգարյանը. «Մեր կողմից նույնպես ընդունելի է խորը ուսումնասիրություններ իրականացնելու այդ առաջարկը»,- ասաց նա: