.jpg)
Հասան Ռոհանի. ԱՄՆ-ն Իրանի հետ ունեցել է և ունի թշնամական հարաբերություններ
«Իրան-ԱՄՆ հարաբերություններն այդքան շուտ չեն կարգավորվի»,- այս մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը հեռուստատեսությամբ ժողովրդի հետ ունեցած զրույցի ընթացքում, անդրադառնալով իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորման հեռանկարին, մասնավորապես նշել է.
«Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները բարդ են եղել և կլինեն. ԱՄՆ-ն երկիր է, որը մեզ հետ ունեցել է և ունի թշնամական հարաբերություն, հետևաբար, այնպես չի կարող լինել, որ այդքան շուտ կարգավորվեն հարաբերությունները»:
Շարունակելով խոսքը՝ Ռոհանին հավելել է. «Այն երկրները, որոնց հետ մենք ունենք լարված հարաբերություններ, կարող ենք թուլացնել լարվածությունը, իսկ այն երկրների հետ, որոնց հետ բարեկամական հարաբերություններ ունենք, կարող ենք ավելի ամրապնդել դրանք. Մենք այդ քայլը սկսել ենք»:
«Նրանք, որոնք կարծում են, որ մեր՝ աշխարհի հետ ունեցած խնդիրները չեն լուծվի, կարծում եմ՝ ճիշտ չեն, իհարկե, որոշ խնդիրներ շատ խճճված են և շուտ չեն էլ կարող լուծվել»,- հավելել է Իրանի նախագահը:
Նշենք, որ Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո Թեհրանի և Վաշինգտոնի միջև խզվեցին դիվանագիտական հարաբերությունները: Ներկայում Թեհրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը:
2013թ. հուլիսին Հասան Ռոհանիի՝ ԻԻՀ նախագահ ընտրվելուց հետո Իրան-ԱՄՆ հարաբերություններում տեղի ունեցան լուրջ զարգացումներ: 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից ի վեր առաջին անգամ կայացավ Իրանի և ԱՄՆ-ի նախագահներ Հասան Ռոհանիի և Բարաք Օբամայի հեռախոսազրույցը: