Տիգրան Սարգսյանն ունեցել է թերություններ. Հովիկ Աբրահամյան
30/04/2014 20:10

Տիգրան Սարգսյանն ունեցել է թերություններ. Հովիկ Աբրահամյան

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ասաց, որ իրենք Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջում էին ոչ թե նրա համար, որ նրա անունը Տիգրան էր, ազգանունը՝ Սարգսյան, այլ` նրա ու իր կառավարության արած գործերի, թերությունների, սխալների համար:

Ասածը հիմնավորելու համար` Ա. Մանուկյանն ասաց. «Չորս սկանդալային դեպք նշեմ, որ հիմնավորած լինեմ` օֆշորային գոտում Տիգրան Սարգսյանի մասնակցությունը, կուտակայինի հետ կապված սկանդալային պատմությունը և հակասահմանադրական ճանաչելը, գազի գնի հետ կապված գաղտնի գործընթացը և «Որոտանի» վաճառքի սկանդալը»,-ասաց ՀԱկ պատգամավորը` ավելացնելով, որ նշված չորս կետերը Հովիկ Աբրահամյանի համար մարտահրավեր են:

«Դուք պետք է այս գործերին ընթացք տաք, որպեսզի պատասխանատուն չլինեք այդ արածներին, դուք այս հանգույցը պետք է լուծեք: Ինչպիսի՞ն է լինելու Ձեր վերաբերմունքը, այս սկանդալային գործընթացները բացահայտելո՞ւ եք»,- դիմելով վարչապետին` հարցրեց Ա. Մանուկյանը:

Ի պատասխան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այդ պաշտոնին է անցել մեծ պատասխանատվությամբ և գիտակցումով է համաձայնել նշանակվելու այդ պաշտոնին:

«Համաձայն չեմ «սկանդալներ» ձևակերպման հետ: Պարոն Սարգսյանն ունեցել է թերություններ: Լինելու ենք շատ անկեղծ և չենք ամաչելու ասել, որ սխալներ ենք թույլ տվել»,-ասաց Հ. Աբրահամյանը` ավելացնելով, թե նոր կարգավիճակով առաջին անգամն է մասնակցում խորհրդարանի նիստին, հետևաբար պատրաստակամություն հայտնեց աշխատել պատգամավորների հետ՝ հույս հայտնելով, որ նրանք ուլտիմատումներ չեն դնի կառավարության առջև:

Վարչապետը հայտնեց, որ իր կառավարության նախարարներին հրահանգել է պատգամավորների նկատմամբ լինել հարգալից` ակնկալելով, որ նույնը կլինի նաև պատգամավորների կողմից:

Արձագանքեց ՀԱԿ պատգամավորն` ասելով, որ իրենց խմբակցության վերաբերմունքը կառավարության հետ չաշխատելու՝ քաղաքական խնդիր է, քանի որ իրենք քաղաքական խնդիր ունեն քաղաքական իշխանության հետ. «Դա Ձեր անձի հետ կապ չունի»:

Վերադառնալով օֆշորային սկանդալին` Ա. Մանուկյանն ասաց, որ Տիգրան Սարգսյանն օգտագործել է վարչապետի աթոռը՝ օֆշորային գործարքն անելու համար. «Այստեղ Ձեր գնահատականները չեն վերաբերելու Տիգրան Սարգսյանի անձին, այլ՝ Ձեր նախորդի գործունեությանը: Արդեն բացահայտված է այդ գործը, օֆշորի հետ կապված Տիգրան Սարգսյանի ստորագրության և մասնակցության հարցը: Ինչպիսի՞ն է լինելու Ձեր վերաբերմունքը»,-մասնավորապես հարցրեց Ա. Մանուկյանը:

Ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասաց, որ երբևէ իրավական ձևակերպում կամ որևէ իրավական կառույցի գնահատական չի լսել, որ դա ապացուցված է կամ հիմնավորված:

«Եթե հիմնավորված լինի, շատ բացասաբար եմ վերաբերում նման արարքներին, բայց որևէ իրավական հիմնավորում չի եղել, հետևաբար կարող եմ ասել, որ դա իրականությանը չի համապատասխանում»,- ասաց վարչապետը:
«Մենք ասելու ենք այն, ինչ անելու ենք»,- եզրափակեց խոսքը Հ. Աբրահամյանը:
 

Տիգրան Սարգսյանն ունեցել է թերություններ. Հովիկ Աբրահամյան