Պետական եկամուտների կոմիտեն միացվում է ֆինանսների նախարարությանը
30/04/2014 23:47

Պետական եկամուտների կոմիտեն միացվում է ֆինանսների նախարարությանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմիններ վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից:

Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է հրամանագիր, որում, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը՝ որոշում եմ.

1. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն՝ միացնելով ֆինանսների նախարարությանը:

2. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն՝ միացնելով քաղաքաշինության նախարարությանը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության Կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի II բաժնի 12-րդ և 13-րդ կետերը:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով, «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է»:
 

Պետական եկամուտների կոմիտեն միացվում է ֆինանսների նախարարությանը