Ուրիխանյանը չկարողացավ չարձագանքել Շարմազանովի հայտարարությանը
30/04/2014 20:17

Ուրիխանյանը չկարողացավ չարձագանքել Շարմազանովի հայտարարությանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն արձագանքել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը:

«Չեմ կարող չարձագանքել Հանրապետական կուսակցության խոսնակի այսօրվա հայտարարությանը: Այն, որ բոլոր ճանապարհները մոտ ու հեռավոր ապագայում, իր խոսքերով, անցնում են մեկ հասցեով, այն, որ առաջիկա տասնամյակում միմիայն Հանրապետականը կարող է հավակնել որոշումների կայացման դաշտ մտնելուն, այն, որ միայն Հանրապետականի միջոցով կարելի է երկրում հասնել բարձրագույն իշխանությանը ընդունվում է ոչ միայն զարմանքով, այլև համարվում է վիրավորանք թե´ մեր, թե´ մեր ոչ իշխանական գործընկերների, և թե´ Հանրապետական կուսակցությանը չընտրած հարյուր հազարավոր Հայաստանի քաղաքացիների համար:

Կարծում եմ` Հանրապետականը պիտի պարզաբանում տա առաջիկա տասնամյակում միակուսակցական դիկտատուրայի մասին ակնարկների վերաբերյալ, և արդյոք Հանրապետականը, որպես անայլընտրանքային միակ միջոց ներկայացնելը, կուսակցության պաշտոնական տեսակետն է, թե՞ ոչ: Մի՞թե սրանով ակնարկվում է, որ մոտակա տասը տարին որևէ այլ ուժ իրավունք չունի հավակնելու պատասխանատվություն ստանձնելուն»,- ասված է պատգամավորի տարածած հաղորդագրության մեջ:
 

Ուրիխանյանը չկարողացավ չարձագանքել Շարմազանովի հայտարարությանը