«Նվազագույն աշխատավարձն իր մեջ ոչ մի հաշվարկ չի պարունակում»
01/05/2014 13:30

«Նվազագույն աշխատավարձն իր մեջ ոչ մի հաշվարկ չի պարունակում»

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային աշխատողները հիմնականում դիմում են վնասի հատուցման, աշխատանքային պայմանագրի, արձակուրդի հետ կապված հարցերով: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը:

«Երբ աշխատողի իրավունքները խախտվում են, դիմում ենք գործատուին՝ փոփոխություններ կատարելու համար: Իսկ եթե գործատուն չի համաձայնվում՝ ասելով, թե դա իր գործն է, մենք օգնում ենք աշխատողին դիմել դատարան»,- ասաց նա:
Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին, Բ. Խառատյանն ընդգծեց, որ իրենք դեռ 2010 թվականից են բարձրաձայնում այս հարցը, և որ նման համակարգի կիրառումը ժամանակավրեպ է:

«Մեզ մոտ միջին աշխատավարձը 150-160 հազար դրամ է կազմում, իսկ պարտադիր կուտակային համակարգը կարող է արդյունավետ գործել, եթե աշխատողն ունի ավել գումար, և կարող է բավարարել իր ու ընտանիքի պահանջները, իսկ ավելացված գումարը կուտակել»,- ասաց նա:

Հարցին ի պատասխան, թե երբևէ բարձրաձայնե՞լ եք, որ Հայաստանի նվազագույն աշխատավարձը չի համապատասխանում սպառողական զամբյուղին, Բ. Խառատյանը սկզբում նշեց, թե կոնկրետ որ սպառողական զամբյուղը ի նկատի ունեն, ապա հավելեց, որ Հայաստանում գոյություն չունի պաշտոնապես սահմանված սպառողական զամբյուղ:

«Տարբեր մեթոդաբանություններում տարբեր թվեր են ստացվում: 45 հազար դրամ գործող նվազագույն աշխատավարձն իր մեջ ոչ մի հաշվարկ չի պարունակում, ինչը ստեղծում է անկանխատեսելիություն»,- ասաց նա:

Հայաստանի գործատուների հանրապետական միության սոցիալական գործընկերության հարցերով փորձագետ Շուշանիկ Բարսեղյանն էլ իր խոսքում նշեց, թե սոցիալական համագործակցությունը հզոր գործիք է, որպեսզի սոցիալական արդարություն լինի, սոցիալական արդարությունը վերականգնվի:

«Գործատուների հանրապետական միությունը այն կարծիքին, է որ Հայաստանում տնտեսությունը, գործարարությունը կզարգանա, եթե զարգանա փոքր և միջին բիզնեսը»,- ասաց նա:
 

«Նվազագույն աշխատավարձն իր մեջ ոչ մի հաշվարկ չի պարունակում»