.jpg)
«Քաղաքացին առաջնորդվում է ներկայով, ստացած եկամտով ի՞նչ ապագայի պլաններ»
Այսօր ՀՀ քաղաքացին առաջնորդվում է ներկայով, քանի որ ստացած եկամտով հնարավոր չէ ապագայի պլաններ կազմել: Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հնչեցրեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Ի դեպ, Մակարյանը կարծում է, որ օրվա խորհուրդը` որպես այդպիսին, այլևս չի նշվում, օրը, նրա խոսքով, դարձել է հերթական ոչ աշխատանքային օրը:
Հայաստանի աշխատաշուկան, նրա խոսքով, տարբերվում է այլ երկրների աշխատաշուկաներից. «Արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների թվաքանակը փոքր է՝ մոտ 400 հազար զբաղվածներ մասնավոր և պետական սեկտորում, ստացվում է, որ զբաղվածության տեսանկյունից զգալի մասը բաժին է ընկնում փոքր բիզնեսին, մինչդեռ շատերի մոտ այն տեսակետն է, որ խոշորներն են ապահովում»,- ասաց նա` ավելացնելով, որ այդ ոլորտում պետք է հավասար մրցակցություն ապահովել:
Խնդիր է նաև, ինչպես ասաց Գ. Մակարյանը, աշխատանքային պայմանագրեր կնքելը.
«Շատ հաճախ գործատուն չի պատկերացնում, թե չգրանցված աշխատողի դեպքում ինչ խնդիր կարող է ունենալ»,- ասաց նա` օրինակ բերելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրը, երբ աշխատակիցը չի ցանկանում գրանցվել, որպեսզի իր աշխատավարձից պահում չլինի:
Խոսելով կուտակայինի մասով գործատուների վերաբերմունքի մասին` Գ. Մակարյանն ասաց, որ հիմնականում բացասական է.
«Հուսով եմ, որ որոշակի ռեժիմի կասեցում կունենանք, բոլոր դեպքերում մենք գտնում ենք, որ այդ ռեֆորմը վաղաժամկետ է»,- ասաց նա` ավելացնելով, որ նոր ձևավորված Կառավարությունն առաջին հերթին պետք է զբաղվի այն խնդիրներով, որոնք մտահոգում են հասարակությունը: