Աշխատավորների իրավունքների պաշտպանությունը գերոտնահարված են. ՍԴՀԿ
01/05/2014 15:25

Աշխատավորների իրավունքների պաշտպանությունը գերոտնահարված են. ՍԴՀԿ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը տարածել է հայտարարություն` Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ:

Հայտարարությունում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ աշխատավորների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն արձանագրում է, որ Հայաստանում այսօր աշխատավորների իրավունքների պաշտպանությունը գտնվում է գերոտնահարված վիճակում:

1. Երկրում բացարձակ տիրապետության է հասել օլիգարխիան, որն էլ հանդիսանում հիմնական աշխատատեղ ապահովողը: Վերացման եզրին է փոքր և միջին բիզնեսը, օլիգարխներին պատկանող ձեռնարկություններում չեն պաշտպանվում շարքային պաշտոններ զբաղեցնողների տարրական իրավունքները, չկան աշխատանքային պայմանագրեր, մարդիկ կարող են գործազուրկ դառնալ միայն իրենց վերադասի քմահաճույքով: Ավելին, բազմաթիվ են դեպքերը, երբ օլիգարխները ֆիզիկական բռնություն են գործադրում իրենց աշխատողների նկատմամբ՝ ցանկացած զանցանքի մեջ կասկածելու պարագայում:

2. Հայաստանում արդեն վաղուց չեն գործում արհեստակցական միությունները: Վերջիններս, աշխատավորների իրավունքները պաշտպանելու փոխարեն, դարձել են գործատուի կցորդն ու կամակատարը: Վերջին տարիների ընթացքում չկա գեթ մեկ դեպք, երբ արհմիությունները հրապարակային անհամաձայնություն հայտնեն գործատուի որոշումների դեմ:

3. Երկրում բացակայում է աշխատավարձների համաչափ, արդար բաշխման մեխանիզմը: Երբ օլիգարխներն իրենց մենաշնորհների, բիզնեսների արդյունքում վաստակում են միլիարդավոր դրամներ, սովորական աշխատողները ստանում են չնչին աշխատավարձ՝ միայն կարողանալով հոգալ իրենց հանապազօրյա հացի խնդիրը:

Այս իրավիճակում ՍԴՀԿ-ն վերահաստատում է, որ շարունակում է իբրև իր գործունեության հիմնական առանցք դիտարկել պարզ, հասարակ մարդու իրավունքների պաշտպանությունը և պայքարում է օլիգարխիկ ամենաթողության դեմ»:
 

Աշխատավորների իրավունքների պաշտպանությունը գերոտնահարված են. ՍԴՀԿ