Տավուշ, Ոսկեպար. Երեխաներին տուն սպասող սահմանապահ պապերի գյուղը
01/05/2014 17:02

Տավուշ, Ոսկեպար. Երեխաներին տուն սպասող սահմանապահ պապերի գյուղը

«Պատերազմի տարիներին հենց Ոսկեպարում են եղել ամենաուժեղ մարտերը: Կարելի է ասել` լայնամասշտաբ պատերազմն այստեղից էլ սկսվեց»:

Սա, երևի, առաջին նախադասությունն է, որ լսում ես Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար մտնելիս: Հաջորդիվ արդեն պատմությունն է տեղի հաջողված ինքնապաշտպանության մասին, այն մասին, որ գյուղի շրջակայքը հիմա մաքրված է հակառակորդից, ինչի շնորհիվ էլ այստեղ կրակոցներ գրեթե չեն լսվում:

Ոսկեպար եկող-գնացողներին առաջինը դիմավորում են գյուղի պապերը, ովքեր, եղանակը տաքանալուն պես՝ իջնում են գյուղամեջ ու զրուցում քաղաքականությունից, եղանակից, սահմանային իրավիճակից, իսկ ամենից հաճախ՝ իրենց երեխաներից ու թոռներից, ում պապերից շատերը լուսանկարներով կամ՝ լավագույն դեպքում համակարգչի էկրանի մյուս կողմից են տեսել: 



«Խաղահրապարա՞կ եք սարքելու գյուղում: Շատ լավ ա: Մնում ա մեր թոռներն էլ Ռուսաստանից հետ գան ու խաղան ստեղ…»,- ասում է պապերից մեկը՝ հետաքրքրվելով մեր այցի նպատակով ու շարունակում.

«Մանկապարտեզում հիմա 13 երեխա ունենք, գյուղի դպրոցում էլ են քիչ: Հեն ա՝ երեք հարկանի սիրուն դպրոց ունենք, բայց երեխեքը չկան…ովքեր էլ կան՝ մի զբաղմունք էլ չունեն, հենա՝ ամեն մեկն իրա հայաթում»,- ասում է պապն ու սկսում հարցուփորձ անել իմ՝ երեխա ունենալ-չունենալուց.

«Երեխեքը լավ բան են, շատ ունեցեք, էս երկրի պահողն են»,- ասում է ու լռում:

«Թոռանը հլը տեսած չկա է, դրա համար ա տենց երեխայի կարոտ»,- ծիծաղելով ավելացնում է մյուսն ու բոլորի տրամադրությունը բարձրացնելու համար հիշեցնում թղթախաղի՝ վերջերս խաղացած պարտիան.

«Հա, մեր գործն էլ ստեղ էդ ա, ամառներն այ էս նստարանին կարտ ենք խաղում, ձմեռներն էլ՝ փակ տեղ ունենք, շաշկին ա ու շախմատը»,- պատմում է պապը.

«Չեմպիոն ունե՞ք»,- հարցնում եմ:

«Չէ, մերը կռիվ-կռիվ չի: Ընկերականով ենք խաղում, ժամանակ անցկացնում, ինչքան կռիվ տեսանք՝ բոլ ա»,- պատասխանում են:

«Կռիվ ասեցիք, իսկ այդ տարիները հիշո՞ւմ եք»,- շարունակում եմ:

«Ո՞ր կռվի հետ ես, աչիկո: Հայրենակա՞նը»,- հարցնում է պապերից ամենատարիքովը:

«Չէ, չէ, Արցախինը»,- պատասխանում եմ:

«Հա՜, նենց ասիր կռվի տարիներ հետ գնացի: Արցախինը հեն ա էլի՝ դռներիս առաջն ա, ոնց որ երեկ եղած լինի: Մենակ վատն էն ա, որ էդ ժամանակ կարում էինք զենքով սաղ գիշեր պոստերում նստեինք, իսկ հիմա մեկիս մեջքն ա խարաբ, մեկիս ոտքը, մյուսիսնն էլ՝ գլուխը»,- ասում են պապերն ու ծիծաղում:

Զրույցն ընդհատվում է: Գյուղամեջ է իջնում սպիտակ «06»-ով մի երիտասարդ.

«Հեն ա, իրան նկարեք, գյուղում միակ ստաբիլ աշխատանք ունեցողն ա, արի, արի մի երկու բառ ասա»,- տղային կանչում են պապերը:

«Դե ինչ ասեմ, ես էս գյուղի գերեզման սարքողն եմ»,- ասում է մեքենայից իջած երիտասարդն ու բոլորի ծիծաղից մի տեսակ նեղացած ավելացնում.

«Բայց հո մենակ էդ չի, ես տուն էլ եմ սարքում: Նենց տներ կարամ կանգնեցնեմ…»:

***
Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը երիտասարդ է: Ինքն էլ նորակազմ ընտանիք ունի՝ 5 ամսական երեխա: Ասում է՝ գյուղը շատ խնդիրներ ունի, բայց առաջինն անկասկած արտագաղթն է.



«Գյուղում 300-ից ավելի տուն կա: Տների կեսը՝ փակ, որն էլ փակ չի միայն ծերերն են մնացել: Հումոր ա դարձել, բայց Ռուսաստանում մի քաղաք կա, ընդեղ ավելի շատ ոսկեպարցի կա, քան մեզ մոտ՝ Ոսկեպարում»,- ասում է Երվանդ Եգանյանն ու ավելացնում, որ վերջին տվյալներով՝ Ոսկեպարում հաշվառված է 863 բնակիչ:

«Գյուղում ոռոգման ու խմելու ջուրը կա: Գազն էլ քաշել ենք, բայց դեռ չենք միացրել: Որոշ ավելացումներ կան, դա կանենք՝ նոր կմիացնենք»,- ասում է գյուղապետն ու ընդգծում, որ ամեն դեպքում գյուղում ջեռուցման համար կշարունակեն օգտագործել փայտը.



«Գազը, որ լինի էլ, մարդիկ տենց հնարավորություն չունեն, որ դրանով տուն ջեռուցեն: Դա կօգնի ճաշ եփելու ու նման դեպքերում»,- ասում է Երվանդ Եգանյանը:

***



Ոսկեպարի դպրոցը գյուղամեջից հեռու է մոտ 1 կմ: Երկու ճանապարհ կա դեպի դպրոց՝ ասֆալտապատը, որով նաև մեքենաներ են գնում-գալիս ու հողինը, որով էլ հիմնականում գնում են գյուղի երեխաները:

Դպրոցի ճանապարհին շատ տներ կան: Տների մեծ մասը, թեև փակ են, բայց բակի ծառերը շարունակում են ծաղկել:

Հողոտ ճանապարհի ձախ կողմում ձայն է լսվում՝ կարծես ինչ-որ մեկը փայտի կտորով խփում է երկաթե ցանկապատին:
«Բարև, ձեր դպրոցի տեղը կասե՞ս»,- հարցնում եմ ցանկապատի հետևից ինձ նայող տղային:



«Նարեկ, ի՞նչ ես նայում, դե պատասխանի քույրիկին», - տան բակից լսվում է կնոջ ձայնը,- «Արի, արի տեսնենք ինչով օգնենք քեզ»:

Մտնում եմ տան բակ, ինձ ձայն տվող կինը, ում անունը Ռիտա է, կրակի վրա մեծ կաթսայով ինչ-որ բան է եփում, կրակի շուրջ վազվզում է փոքրիկ Նարեկը՝ ձեռքին փայտի կտոր:

«Եթե մեր գյուղի մասին եք գրում, պատմեմ՝ երկու տղա ունեմ ու 4 թոռ, մեկն էլ Նարեկն ա, որ տեսաք: Բոլորս այս տանն ենք ապրում, պատերզմին էլ ենք գյուղում մնացել, հիմա էլ»,- ասում է տիկին Ռիտան ու ձայն տալիս հարսներին:



«Բարդն այն է, որ տղաներս աշխատանք չունեն ու մեր մեծ ընտանիքը պահում ենք միայն անասնապահությամբ ու այգեգործությամբ: Այգին՝ մենակ մեր կարիքների համար, անասնապահությունն էլ, որ կաթ ենք ստանում ի՞նչ: Գալիս են՝ 130 դրամով մթերում: 130-ը մի շիշ «Ջերմուկից» էլ էժան ա»,- ասում է տիկին Ռիտան:

Նրա դեմքը միանգամից պայծառանում է, երբ տանից իջնում են հարսները՝ փոքրիկ թոռան հետ:



«Այ էն կողմը տեսնո՞ւմ եք»,- ասում է տիկին Ռիտան՝ ցույց տալով իրենց տան դիմաց, հեռվում երևացող բլուրը.

«Այ ընդեղից պատերազմի տարիներին հո չէին խփում: Հիմա քիչ ա համեմատաբար: Բայց, օրինակ, ձմռանը էն Շամշադինի ճանապարհի դեպքը որ եղավ, էս կողմից էլ մի քանի հատ խփեցին»,- պատմում է տիկին Ռիտան:

«Գյուղում բարդ ա»,- զրույցին միջամտում է տիկին Ռիտայի հարսներից մեկն ու ավելացնում,- «բայց դե, օրինակ, ես ու ամուսինս ընտանիքով մի անգամ գնացինք Ռուսաստան ու չկարողացանք մնալ: Մի քանի ամսից հետ եկանք: Մերը սա է… Ուղղակի լավ կլինի, որ գյուղերն այս վիճակի չհասցնեն»:

Ընտանիքից հարցնում եմ դպրոցի ճանապարհը: Տիկին Ռիտան հեռվից էլ շարունակում է ուղղություն ցույց տալ՝ «տեղից աջ ու ուղի՜ղ գնա»,- բղավում է: 

***

Գյուղի դպրոցը մեծ է՝ եռահարկ: Շրջակայքում ոչ ոք չկա:

Դպրոցն էլ է լուռ: Դպրոցը սպասում է իր երեխաներին ու... ոչ միայն այն պատճառով, որ օրը կիրակի է: 

 

Նախորդող հրապաարկում՝ Տավուշ, գ. Բերքաբեր. Պատմություն անջուր ջրբաժանի ու սահման պահող տան մասին

 

Տավուշ, Ոսկեպար. Երեխաներին տուն սպասող սահմանապահ պապերի գյուղը