.jpg)
Արցախի նախագահ. Շուշիի զարգացումը մեր գերխնդիրներից մեկն է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Շուշի քաղաք:
Նախագահը մասնակցել է Արցախյան պատերազմի անվանի հրամանատարներից մեկի՝ Շուշիի պաշտպանական շրջանի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Վաչագան Իշխանյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարն Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակիցների հիշատակի հավերժացումը կարևոր է համարել թե քաղաքական, թե բարոյական տեսանկյուններից:
Այնուհետև Նախագահ Սահակյանը մասնակցել է 2013թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված շրջվարչակազմի նիստին: Զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Կասյանը և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Բակո Սահակյանը Շուշիի շրջանի և համահայկական նշանակություն ունեցող Շուշի քաղաքի զարգացումը համարել է հանրապետության առջև ծառացած գերխնդիրներից մեկը՝ հավելելով, որ նման յուրահատկությունը լրացուցիչ պատասխանատվություն է պահանջում աշխատանքների պատշաճ իրականացման գործընթացում:
Միջոցառումներին մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: