«Freedom House-ի զեկույցը չափազանցված է»
02/05/2014 16:25

«Freedom House-ի զեկույցը չափազանցված է»

Արդեն 20 տարի է, ինչ ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան կարևորում է մամուլի դերը ժողովրդավար հասարակության զարգացման գործընթացում: Եվ մի քանի տարի է, ինչ Հայաստանում մայիսի 3-ը նշվում է Մամուլի ազատության միջազգային օր:
Դրան ընդառաջ՝ այսօր մի շարք փորձագետներ ու վերլուծաբաններ քննարկում էին կազմակերպել, Հայաստանում խոսքի ազատությունը թեմայի շուրջ, որին ներկա էին «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ նախագահ Աշոտ Մելիքյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը և այլք: Քննարկման ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները և մեդիա փորձագետները ներկայացրեցին մեդիա ոլորտի վերջին մեկ տարվա նվաճումները, խնդիրները և զարգացման միտումները:

Երեկ նաև խոսքի ազատության վերաբերյալ իր տարեկան զեկույցն է հրապարակել Freedom House-ը, որտեղ եղել են դիտարկումներ նաև Հայաստանի վերաբերյալ:

Ամփոփելով զեկույցը՝ Աշոտ Մելիքյանը նշեց. «Մենք նախորդ տարի մոտեցանք այն կետին, որ դասվենք ոչ թե անազատ երկրների կարգին, այլ՝ կիսազատ, բայց այդ ջանքերն անցան ապարդյուն: Այս տարի էլ Հայաստանում ընդդեմ լրագրողների՝ աճել է ֆիզիկական բռնությունների ու ճնշումների թիվը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ մի շարք փաստեր թույլ են տալիս ասելու, որ Հայաստանում մամուլը ազատ չէ:

Այս տեսակետին համակարծիք էր նաև Շուշան Դոյդոյանը, ով իր հերթին նշեց, որ մամուլի անազատ լինելը մի շարք պարզ հանգամանքներով է պայմանավորված:

«Շատ կարևոր է նաև տեղական կազմակերպությունների գնահատականը, և ներքին ուսումնասիրությունները ևս դա են փաստում: Նախորդ տարվա համեմատությամբ չի գրանցվել ոչ մի առաջընթաց, ինչը նույնպես իր բացատրություններն ունի»,- ասաց նա:

Media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյաննն էլ իր հերթին հավելեց, որ այս մեկ տարվա ընթացքում շատ են եղել դեպքեր, երբ խոչընդոտել են լրագրողի աշխատանքը, բայց ամենացայտուն ու ամենաթարմ դեպքերից մեկն այն էր, երբ լրագրողներին թույլ չտվեցին մասնակցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությանը: «Դա շատ վատ նախադեպ էր»,-ասաց նա:

«Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր, իրավաբան Արա Ղազարյանն էլ իր հերթին անդրադարձավ, այսպես կոչված՝ «ֆեյքերի մասին» օրենքին և նշեց, որ կարիք չկա ֆեյքերի նկատմամբ վերահսկողություն սահմանել օրենքով:

«Ինտերնետն արագ զարգացող տիրույթ է և ավելի լավ է ունենալ լայն օրենսդրական նորմեր, քան սահմանափակել խոսքի ազատությունը: Ամեն դեպքում՝ լավ է, որ այդ օրենքի ընդունումը հետաձգվեց: Բայց սա միակ օրենքը չէ, որ սահմանափակելու է խոսքի ազատությունը Հայաստանում»,- շեշտեց իրավաբանը՝ նկատելով, որ հոկտեմբեր ամսին ԱԺ-ն պատրաստվում է նաև քննարկել բարոյական վնասի փոխհատուցման մասին մի օրենքը, որը նույնպես խոչընդոտ կհանդիսանա:

«Հեղինակային իրավունքի մասին օրենքի ընդունումը ոչ մի նախականխող նախադեպ այնուամենայնիվ չունեցավ, ինչը մինչև օրենքի ընդունումն ակնկալվում էր: Մինչ օրս եղել է երկու դեպք, որոնք երկուսն էլ հրապարակել է «Հետքը»: Սա խոսում է այն մասին, որ թեև դաշտը կարգավորվում է, բայց խախտումները դեռևս ակնհայտ են»,- ասաց Ա. Ղազարյանը:

Ինչ վերաբերում է վիրավորանք և զրպարտանք օրենքին, ապա ըստ իրավաբանի՝ այստեղ նույնպես իրավիճակը կայուն է և ոչ մի նոր դատական գործընթաց չի արձանագրվել, իսկ հետևանքները ոչ մի անդրադարձ չեն ունեցել մյուս ԶԼՄ-ների վրա:

«Դատարանները հակված են միջին կամ նվազ գումար սահմանել օրենքը խախտողների համար: Ինձ մտահոգում է նաև հեռուստատեսության լիցենզավորման գործընթացը: Դա հանգեցնում է կոմերցիոն ռիսկերի, որին դեմ է նաև ԵԽ-ը: Մեր գոհարները մենք ներկայացրել ենք ԵԴ, որը նա մերժեց»,- հավելեց նա:

Իսկ ընդհանուր առմամբ՝ իրավանաբի կարծիքով, դաշտը կայուն է, ինչն անակնկալ է նաև իր համար: «Կարծում եմ, որ Freedom House-ի զեկույցը նույնպես չափազանցված է: Իմ կարծիքով՝ բոլոր ԶԼՄ-ները ղեկավարվում են, բայց ամենատարբեր ֆրակցիաների կողմից: Իմ ներքին գնահատմամաբ՝ ասել, որ Հայաստանում մամուլը ազատ չէ,՝ դա մի փոքր չափազանցված է»,-ասաց նա:

Աշոտ Մելիքյանն էլ հակադարձեց՝ նշելով, որ 2013 թվականին աճել են ոչ միայն ֆիզիկական բռնություններն ու ճնշումները, այլև զրպարտանքի ու վիրավորանքի վերաբերյալ դատական հայցերը:

«Զեկույցում հատ առ հատ ներկայացված են բոլոր դեպքերը: Ընդհանուր վիճակն իսկապես բարվոք չէ: Իսկ ընտրությունների ժամանակ գրանցվել են ֆիզիկական բռնությունների, ճնշումների, խոչընդոտումների առանձին շատ դեպքեր, որն իր ազդեցությունն ունի լրագրողների ազատ գործունեության վրա»,-ասաց Մելիքյանը:
 

«Freedom House-ի զեկույցը չափազանցված է»