Բյուրեղավանի գիշերօթիկի տնօրենն ազատվեց աշխատանքից
02/05/2014 18:38

Բյուրեղավանի գիշերօթիկի տնօրենն ազատվեց աշխատանքից

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության տնօրենն այսօր ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հաղորդագրության մեջ ասված է.

«Հաշվի առնելով երեխաների խնամքի և պաշտպանության աշխատանքներում արձանագրված թերությունները, կոլեկտիվում ստեղծված անառողջ մթնոլորտը, պաշտոնական պարտականությունների ոչ պատշաճ իրականացումը` «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գայանե Մարգարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի հրամանով ազատվել է աշխատանքից:

Նախարարի մեկ այլ հրամանով` ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանին հայտարարվել է խիստ նկատողություն:

Միաժամանակ՝ ՀՀ կառավարության որոշմամբ` երեխաների խնամքի և պաշտպանության կազմակերպման առկա խնդիրներին լուծումներ տալու նպատակով, իրականացվում են աշխատանքներ խնամքի հաստատություններում պաշտոնների անվանացանկերը և այդ անվանացանկերում ներառված պաշտոնների նկարագրերը հաստատելու ուղղությամբ: Երեխաների խնամքի հաստատություններում պետք է աշխատեն մասնագիտական կրթության և որակավորման, աշխատանքային փորձին, պահանջվող գիտելիքներին ու հմտություններին վերաբերող ամբողջական չափանիշներին համապատասխանող անձինք:

Մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նախատեսված է նշված աշխատանքներն ավարտել և նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններում ներդնել աշխատողների աշխատանքի կազմակերպման միասնական նոր համակարգ, ինչը հնարավորություն կտա խնդիրներին տալ ամբողջական և համակարգայինլուծումներ»:

Օրեր առաջ ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր, որ Գիշերօթիկ հաստատությունում դաստիարակները, որպես պատժի միջոց, երեխաներին ստիպում են կանգնած վիճակում մասնակցել դասապրոցեսին: Օմբուդսմենի ներկայացուցիչներն ականատես են եղել, թե ինչպես է ուսուցիչը գրչով հարվածում աշակերտներից մեկի մատներին և անվայել արտահայտություններով դիմում նրան: Բայացահայտվել են նաև սննդի պահման պայմանների խախտումներ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ներկայացված աղմկահարույց բացահայտումների հետ կապված այսօր անակնկալ այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն: Հովիկ Աբրահամյանին ուղեկցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Այս մասին հայտնում են կառավարությունից:

Նախորդող հրապարակումներ՝ Պետք է մեղավորներին ազատեիք աշխատանքից. Վարչապետը գիշերօթիկ դպրոց է գնացել

ՄԻՊ. Վայրի վերաբերմունք երեխաների նկատմամբ՝ Բյուրեղավանի գիշերօթիկում


 

Բյուրեղավանի գիշերօթիկի տնօրենն ազատվեց աշխատանքից