.jpg)
Լ. Ալավերդյան. Լրատվամիջոցների ազատությունը խնդիր է
ԶԼՄ-ների ազատությունը կախված է լրագրողներից և հայաստանցի լրագրողներն այդ ուղղությամբ ջանքեր են գործադրում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ 20 տարվա ընթացքում մեր մամուլում առաջընթաց կա, ինչը տեղի է ունեցել տեխնոլոգիաների զարգացման արդյունքում, սակայն խոսքի ազատությունը մեր երկրում դեռևս խնդիր է մնում, թեև մամուլում հանդիպում է ռադիկալ կարծքիների:
«Հաճախ այդ ռադիկալ կարծիքներին համամիտ չեմ, բայց ուրախ եմ, որ դրանք կան, և որ կա հնարավորություն դրանք արտահայտելու»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս՝ իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասեանը ասաց, որ տարիներ շարունակ աշխատելով Հայաստանում՝ մամուլը ավելի ազատ դարձնելու քայլեր չի նկատել, ինչը պետք է լիներ ազատ ու վերլուծական մտքի տեր լրագրողների շնորհիվ:
Անդրադառնալով սփյուռքահայ ԶԼՄ-ներին՝ Ռ. Մինասեանը նշեց, որ դրանց խնդիրները տարբերվում են մեր լրատվամիջոցների խնդիրներից, սակայն մամուլի ազատության խնդիր այնտեղ ևս առկա է:
«Սփյուռքահայ մամուլին բնորոշ է խիստ կուսակցականացված լինելը և այդպիսի պայմաններում ազատության մասին մտածելը ավելորդ է»,- ասաց Ռ. Մինասեանը: