.jpg)
«Եթե Քարդաշյանի նկար դնող կայք մտնում է 100 հազար մարդ, դա վարկանիշի չէ»
Իրավական տեսանկյունից դիտարկելով՝ տեղեկատվական հոսքերի քանակը չի փոփոխվում: Այսօր հրավիրված քննարկմանը նման գնահատական հնչեցրեց Իրավաբան Արա Ղազարյանը, ում համոզմամբ՝ այսօր էլ դեպքերը լուսաբանվում են այնպես, ինչպես նախկինում: «Այս առումով՝ ասել, թե մամուլն ազատ չէ՝ դա ճիշտ գնահատական չէ»,- ընդգծեց նա:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը, անդրադառնալով Freedom House-ի զեկույցին, ասաց, թե կարևորն այդ զեկույցում ոչ թե գնահատականն է, այլ այն, որ մամուլի ազատության ոլորտում առաջընթաց դեռևս չի գրանցվել:
«Պետք է մենք իրավիճակը գնահատենք ըստ համեմատականների»,-ասաց նա:
Խոսելով ինտերնետային մամուլից՝ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ իր հերթին նշեց, որ ինքնագնահատումը շատ ավելի կարևոր գնահատական է, քան այլ երկրների կողմից ներկայացվող զեկույցները: «Կանխատեսելի էր, որ նման զեկույց կհրապարակվի, և որ 2013-ը ԶԼՄ-ների համար բարելավման տարի չի լինելու: Չի բացառվում, որ այս տարի եթե արտառոց դեպքեր չգրանցվեն, ավելի դրական գնահատական հնչի 2014 թվականի համար: Զեկույցն ընդհանուր առմամաբ՝ տագնապալի էր հենց իրենց համար: Այդ զեկույցում փաստել են, որ աշխարհում խոսքի ազատությունը վերջին տասը տարվա ընթացքում չի բարելավվում»,-ասաց նա:
Անդրադառնալով վարկանիշային սանդղակին՝ մեդիափորձագետը նշեց՝ հետաքրիրն այն է, որ Հայաստանում ամենասպառվող մամուլը լրատվական կայքերն են, մինչդեռ այլ երկրներում՝ ամենաշատը սպառվում են ժամանցային կայքերը:
«Այն, որ չկա ռեյտինգային համակարգ, ընդհանւր առմամբ, ըստ իս՝ արդեն իսկ դրական ազդեցություն ունի մամուլի վրա: Մինչդեռ ժամանակին վարկանիշին մեծ տեղ էին տալիս»,- ընդգծեց Ս. Մարտիրոսյանը: Նրա համոզմամբ՝ Հայաստանին պետք են մասնագիտական հաշվարկներ, որոնք իսկապես այսօր անհրաժեշտ են:
«Եթե կայք է այցելում 100 հազար 15 տարեկան մարդ, որտեղ Քիմ Քարդաշյանի նկարներն են, դա վարկանիշի մասին չի խոսում: Պետք է սկզբունքորեն այս տիպի հաշվարկները անտեսել, որոնք իրականում լուրջ չեն ընդունվում»,- ասաց Մարտիրոսյանը:
Նախորդող հրապարակում՝ «Freedom House-ի զեկույցը չափազանցված է»