Տպագիր մամուլի ճակատագիրը վիճահարույց է. Բորիս Նավասարդյան
03/05/2014 13:44

Տպագիր մամուլի ճակատագիրը վիճահարույց է. Բորիս Նավասարդյան

«Նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի Հայաստանում մամուլի, խոսքի ազատության առումով առանձնապես քիչ փոփոխված վիճակ է: Այն, ինչ ասել եմ մեկ տարի առաջ, կարող եմ կրկնել նաև այսօր»,- այս մասին ասուլիսում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Բ. Նավասարդյանի խոսքով՝ Հայաստանում շարունակում են զարգանալ հատկապես առցանց լրատվամիջոցները, իսկ դրանց հիմնական սահմանափակումները ֆինանսական խնդիրներն են:

«Առցանց լրատվամիջոցները ստիպված են օգտվել սև ու սպիտակ դոտացիաներից: Դա, իհարկե, որոշ չափով կաշկանդում է լրագրողների ազատությունը»,- մանրամասնեց նա:

Անդրադառնալով տպագիր մամուլի ազատությանը՝ բանախոսը նշեց, որ այստեղ գրեթե նույնն է, սակայն դրանց ճակատագիրը մի փոքր վիճահարույց է:

«Տպագիր մամուլի հեռանկարն ավելի մշուշոտ է: Գնալով դրանց լսարանը նվազում է: Ինչ վերաբերում է հեռուստաընկերություններին, ապա դրանք գտնվում են քաղաքական էլիտայի հսկողության տակ, ուստի չեն կարող ապահովել լրատվության բազմազանություն և բավարարել մեր քաղաքացիների տեղեկատվական պահանջարկը»,- ընդգծեց Բ. Նավասարդյանը:

Նրա կարծիքով՝ հայ հասարակությունն ավելի շատ հետաքրքրվում է հատկապես արտասահմանյան լրատվամիջոցներով, իսկ աշխարհում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին հետևում է հիմնականում ռուսական ԶԼՄ-ներով:

«Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում ավելի շատ զարգանում են զվարճալի հաղորդումները»,- նկատեց նա:

Հարցին ի պատասխան, թե Հայաստանում կա՞ ազատ մամուլ, Նավասարդյանը պատասխանեց. «Հույս ունեմ: Հայաստանում իսկապես կա ազատ մամուլ: Կան խմբագրություններ, որոնք լիովին ազատ են, բայց դրանք ամենահաջողակները չեն և քիչ են»,- ասաց նա:

Անդրադառնալով Freedom House-ի զեկույցին՝ Նավասարդյանը նշեց, որ Հայաստանը մեկ կետով հետընթաց է գրանցել նախորդ տարվա ցուցանիշից՝ ստանալով 62 միավոր:

«Դա պայմանավորված է քաղաքական միջավայրով: Այդ ցուցակում վարկանշային աղյուսակը ձևավորվում է հաշվի առնելով երեք բաղադրիչ՝ օրենսդրություն, քաղաքական միջավայր, տնտեսական ազատություններ: Առաջինի ու երրորդի առումով մենք ունենք նույն ցուցանիշները, ինչ նախորդ տարի, մեկ միավորի անկումը պայմանավորված է քաղաքական միջավայրով: Դա կարող է պայմանավորված լինել նախագահական ընտրություններով, ինչպես նաև Հայաստանը՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությամբ: Եվրասիական տարածքում խոսքի ազատությունը առաջնահերթություն չէ»,- ասաց նա:

 

Տպագիր մամուլի ճակատագիրը վիճահարույց է. Բորիս Նավասարդյան