Ադրբեջանը փորձում է ինքնահաստատվել. Լարիսա Ալավերդյան
03/05/2014 16:25

Ադրբեջանը փորձում է ինքնահաստատվել. Լարիսա Ալավերդյան

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը քննադատել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջ. Ուորլիքին: Ա. Ազիմովը հայտարարել է, թե հնարավոր է` ադրբեջանական կողմը պահանջի ամերիկացի համանախագահի հեռացումը։

Մեկնաբանելով այդ հայտարարությունը՝ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդ քայլով Ադրբեջանը նախ փորձում է կայանալ, ապա ընդգծեց, որ ուզում է ցույց տալ, թե ինքն է իրավիճակի թելադրողը:

«Ադրբեջանը դրանով փորձում է ցույց տալ իր դժգհությունները ԵԱՀԿ ՄԽ-ից: Նա ունի նաև խնդիրներ, որոնք ուզում է ավելի լայն հարթակներում քննարկել, մինչդեռ նրա մոտ իսպառ բացակայում են մասնագիտական մոտեցումները, ինչն էլ իր հերթին ինչ-ինչ խնդիրներ է առաջ բերում»,- նշեց նա:

Ալավերդյանը հստակեցրեց նաև, որ Ադրբեջանում հիմնականում աշխատում են զուտ գործառույթների ու գործընթացների հիման վրա: Այսինքն՝ ուզում են կաշառքի միջոցով հասնել իրենց ուզածին:

«Օրինակ՝ ՄԱԿ-ում կարող են չունենալ մեծ թվով ներկայացուցիչներ, բայց 35 ձայնով դեմ կամ ձեռնպահ քվերակեն, որպեսզի որոշում ընդունվի: Ադրբեջանը տեսնում է, որ եկել են ամենապղտոր ժամանակները, և որ ցանկացած գործընթացում մեծ նշանակություն է տրվում նավթին ու փողին, բայց ոչ՝ նույն միջազգային հանրության կողմից առաջնորդվող մարդասիրական սկզբունքներին»,- շարունակեց Ալավերդյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը իր թույլ հարցերն ամեն կերպ ջանում է բարձրացնել միջազգային հարթակներում:

Անդրադառնալով Ուորլիքին՝ փորձագետը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահի վերջին գործողությունները փաստում են, որ նա նոր մոտեցումներ է փորձել շարադրել, որոնք ավելի են հստակեցրել այսօրվա քաղաքական շահի տեսակետը: Մինչդեռ Ալավերդյանի համոզմաբ՝ Արցախի ինքնիշխանության հարցը ավելի է մոտենում իր հանգուցալուծմանը, քան մարդիկ կարծում են. «Այսինքն՝ Արցախը կարողացել է այս տարիների ընթացքում ապացուցել, որ կարողանում է ոչ միայն գործընթացները տանել իրավական ուղղությամբ, այլև՝ կայացել է իբրև պետություն, այն էլ՝ իրավական բոլոր նորմերին համապատասխան: Ադրբեջանի հայտարարությանը զուգընթաց, Բաքվում արտահայտվել է նաև Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, ով Շոտլանդիայի օրինակը դրոշակ դարձնելով, կոչ է արել ընդունել Արցախի հանրաքվեն: Ադրբեջանի համար սա ևս մի նոր զարգացում է, որին, անշուշտ, Ադրբեջանում չեն ուզում հետևել»,- նշեց Ալավերդյանը: Նա ընդգծեց նաև, որ Ուորլիքի հեռացմամբ, Ադրբեջանն ուզում են իր ուժերը փորձել ու իր քաղաքական կշիռը չափել. «Ուզում են հասկանալ, եթե Ուորլիքի հրաժարականը պահանջեն, արդյոք կհասնե՞ն հաջողության, թե ոչ: Այդ քայլով Ադրբեջանը ուզում է նաև ցույց տալ, թե ինքը կարող է ստիպել կամ պարտադրել միջազգային հանրությանը՝ գործել իր ուզածով»,- շեշտեց փորձագետը:

Մենք հիշեցինք նաև, որ Ադրբեջանի նախագահի նախկին թեկնածուներից մեկը՝ Գուդրաթ Հասանգուլիևը հայտարարել էր, թե Ադրբեջանը պետք է նոր դաշնակիցներ փնտրի և այդ դաշնակցի դերում նա մասնավորապես ընդգծել էր Ռուսաստանի անունը: Հասանգուլիևը կոչ էր արել նաև Ադրբեջանում ռուսական զորքեր տեղակայել: Aysor.am-ի հարցին՝ Ադրբեջանը կկարողանա՞ նավթադոլարներով սիրաշահել Ռուսաստանի համակրանքն ու վստահությունը՝ Ալավերդյանն ընդգծեց, որ ոչ. «Ռուսաստանի հավակնություններն այսօր ավելին են, քան եղել են մինչ օրս: Ադրբեջանն ինքն իրեն մի պահ կորցրել է: Կարծում եմ, որ Ադրբեջանում կգտնվեն ուժեր, ովքեր համագործակցության եզրեր կփնտրեն Ռուսաստանի հետ, և որոնք կփորձեն համոզել ու աշխատել այդ ուղղությամբ, բայց չեմ գտնում, որ դա կլինի այնչափ արդյունավետ, ինչպես դա պատկերացնում են այդ ուժերը Ադրբեջանում»,- ասաց Ալավերդյանը:

Նախորդող հրապարակում՝ Ազիմովի հայտարարությունն ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորումն է


 

Ադրբեջանը փորձում է ինքնահաստատվել. Լարիսա Ալավերդյան