.jpg)
Թուրքիա-Ադրբեջան դաշինքում Վրաստանին վերապահված է կապող միջանցքի դեր
Մայիսի 6-ին Թբիլիսիում կայանալու է թուրք-վրացական գործարար համաժողով, որի բացմանը մասնակցելու է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին և Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը:
Համաժողովին քննարկվելու են վրաց-թուրքական համագործակցության հարցերը՝ էներգետիկ, վերամշակող, կոմունիկացիոն, ճանապարհային շինարարարության և այլ ոլորտներում:
Նմանատիպ երկկողմ տնտեսական համաժողովները կրում են պարբերական բնույթ: 2012թ.-ին վրաց-թուրքական տնտեսական համաժողով էր կայացել Բաթում քաղաքում, որին մասնակցել է 84 թուրք գործարար: Նախորդ տարվա դեկտեմբերին Թբիլիսիում անցկացված նմանատիպ միջոցառմանը ներկա էր գտնվել 35 թուրքական ընկերություն:
Թուրք-վրացական տնտեսական և քաղաքական համագործակցությունը վերջին տասնամյակների ընթացքում վերելք է ապրում և Վրաստանը Թուրքիային տարածաշրջանում դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր, իսկ Թուրքիան Վրաստանին համարում է կամուրջ դեպի Հարավային Կովկաս և Միջին Ասիա:
Քաղաքական բարձր մակարդակի հանդիպումները և շփումները նպաստում են երկկողմ կապերի ընդլայնմանը բոլոր ոլորտներում: Այս տարվա հունվարին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի՝ Անկարայում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել են երկրների միջև տրանսպորտային և էներգետիկ ոլորտում համագործակցության հարցերը:
Երկկողմ՝ Վրաստան-Թուրքիա և եռակողմ՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համագործակցության հիմնասյունը էներգետիկ-կոմունիկացիոն համագործակցությունն է, ինչի մասին հայտարարվեց նախագահների մակարդակով:
Նշենք, որ, էներգետիկ համագործակցության առումով, այս պահին գործում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը (2013թ.-ին նավթամուղով արտահանվել է 29.7 միլիոն տոննա ադրբեջանական նավթ), Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը (օրեկան 12.5 միլիոն խմ գազ), ինչպես նաև` երեք երկրների էներգետիկ համակարգերը միավորող՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամուրջ կոչվող նոր ծրագիրը, որի շնորհիվ էլեկտրաէներգիան Ադրբեջանից Վրաստանի տարածքով կարտահանվի Թուրքիա և այնտեղից Եվրոպա: «Ազերէներջի» ընկերության նախագահ Էդիբար Պիրպերդիևը հայտարարել էր, որ այդ էներգետիկ կամուրջը կսկսի գործել 2014.-ից:
Վրաց-թուրքական համագործակցության մեկ այլ ոլորտ առնչվում է կոմունիկացիոն՝ տրանսպորտային համագործակցությանը և դրա շրջանակներում Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցմանը: Մարգվելաշվիլիի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում երկաթգծի շինարարական աշխատանքների հարցը քննարկվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում:
Դրան զուգահեռ, երկկողմ ապրանքաշրջանառությունը ակտիվացնելու նպատակով Թուրքիան սկսել է Չիլդիր/Աքթաշ նոր սահմանային անցակետի շինարարությունը, իսկ Վրաստանն էլ իր հերթին կարդիականացնի Կարցախի անցակետը իր տարածքում: Թուրքիայի և Վրաստանի ապրանքաշրջանառությունը 2013 թ.-ի արդյունքներով հասել է 1.37 միլիարդ դոլարի, իսկ Ադրբեջանի և Վրաստանի՝ 1.19 միլիարդ դոլարի: Այսինքն՝ Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի առաջին և երկրորդ առևտրային գործընկերներ են:
Այսպիսով՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան էներգետիկ-կոմունիկացիոն դաշինքի ձևավորումը և այդ միջանցքով Կենտրոնական Ասիայի, Կասպյան տարածաշրջանի նավթագազային ռեսուրսները Ռուսաստանի տարածքը շրջանցելով, այլընտրանքային ճանապարհով Արևմուտք հասցնելու ծրագրերը բխում են ինչպես եռակողմ, այնպես էլ՝ Վաշինգտոնի և Բրյուսելի աշխարհաքաղաքական շահերից: