ԱՄՆ. Միջուկային խնդրի շուրջ Իրանի հետ լուրջ բանակցություններ են անցկացվում
03/05/2014 14:30

ԱՄՆ. Միջուկային խնդրի շուրջ Իրանի հետ լուրջ բանակցություններ են անցկացվում

«Դեռևս պարզ չէ, թե երբ Իրանի հետ ձեռք կբերվի վերջնական համաձայնություն»,-այս մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մարի Հարֆը:

Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է.

«Դեռևս պարզ չէ, թե երբ հնարավոր կլինի Իրանի հետ հասնել վերջնական համաձայնության, սակայն միջուկային խնդրի շուրջ Թեհրանի հետ լուրջ և իրական բանակցություններ են անցկացվում»:

Անդրադառնալով միջուկային խնդրին՝ հավելենք, որ իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Արաքի ծանր ջրի ռեակտորի աշխատանքները չեն դադարեցվելու:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին օրերս հեռուստատեսությամբ ժողովրդի հետ ունեցած զրույցի ընթացքում, անդրադառնալով իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորման հեռանկարին, մասնավորապես նշել էր. «Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները բարդ են եղել և կլինեն. ԱՄՆ-ն երկիր է, որը մեզ հետ ունեցել է և ունի թշնամական հարաբերություն, հետևաբար, այնպես չի կարող լինել, որ այդքան շուտ կարգավորվեն հարաբերությունները: Այն երկրները, որոնց հետ մենք ունենք լարված հարաբերություններ, կարող ենք թուլացնել լարվածությունը, իսկ այն երկրների հետ, որոնց հետ բարեկամական հարաբերություններ ունենք, կարող ենք ավելի ամրապնդել դրանք. Մենք այդ քայլը սկսել ենք: Նրանք, որոնք կարծում են, որ մեր՝ աշխարհի հետ ունեցած խնդիրները չեն լուծվի, կարծում եմ՝ ճիշտ չեն, իհարկե, որոշ խնդիրներ շատ խճճված են և շուտ չեն էլ կարող լուծվել» 

ԱՄՆ. Միջուկային խնդրի շուրջ Իրանի հետ լուրջ բանակցություններ են անցկացվում