.jpg)
Պետությունը մաքսիմալ զերծ է մնալու դպրոցներ փակելու քայլից. Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով եղել է Վայոց Ձորի մարզում: Տեղում մարզի կրթական խնդիրները քննարկելու և կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ ԿԳ նախարարը նախ այցելել է Եղեգնաձոր քաղաքի թիվ 5 մանկապարտեզ, ապա մարզի կրթական հաստատությունների տնօրենների հետ խորհրդակցություն անցկացրել մարզպետարանում, իսկ վերջում շրջել Վայքի նոր հիմնանորգված ավագ դպրոցում:
Եղեգնաձոր քաղաքի թիվ 5 մանկապարտեզը Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրով նախակրթարան էր հիմնվել: Ավելի քան 50 տարի չնորոգված մանկապարտեզի մի հատվածում այժմ գործում է նախակրթարանը՝ հիմնովին նորոգված և կահավորված: Այստեղ նախադպրոցական տարիքի 30 երեխա է հաճախում: Նախարարը զրուցել է մանկավարժների ու նախակրթարանի սաների ծնողների հետ:
Մանկապարտեզում աշխատող մանկավարժներն էլ հարց են բարձրացրել՝ ինչո՞ւ իրենց պետությունը չի ներառում մանկավարժների և պետծառայողների համար նախատեսված սոցիալական ապահովության փաթեթում. «Դուք համարվում եք համայնքային աշխատողներ: Այս պահին օրենքը Ձեր վրա չի տարածվում, բայց ես հույս ունեմ՝ մեր պետությունը մի օր հնարավորություն կունենա Ձեզ ևս ներառել սոցփաթեթի ծրագրում»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը:
Նախարար Ա. Աշոտյանը եղել է նաև մարզպետարանում, որտեղ նա հանդիպում է ունեցել մարզի դպրոցների տնօրենների հետ և Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ համատեղ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել: Անդրադառնալով դպրոցների ծանրաբեռնվածության խնդրին՝ նախարարը նշել է, որ այս խնդիրը պայմանավորված չէ բացառապես դպրոցների ենթակառուցվածքներով.
«Իհարկե խնդիրն ունի նաև օբյեկտիվ հիմքեր՝ կապված ժողովրդագրական խնդիրներով: Բայց ինձ համար անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող է երկու՝ իրար կողքի գտնվող դպրոցներից մեկը լինել գերբեռնված, մյուսը ՝ թերբեռնված, երբ նրանք երկուսն էլ ֆինանսավորման նույն մեխանիզմով են գոյատևում: Դա նշանակում է, որ ծնողներն իրենց երեխաներին տանում են այն դպրոց, որն ավելի մեծ վարկանիշ ունի, որտեղ կրթության որակն ավելի բարձր է»,-խորհրդակցության ժամանակ նշել է նախարարը՝ շեշտելով, որ պետությունը մաքսիմալ զերծ է մնալու դպրոցներ փակելու քայլից՝ սա քաղաքական մոտեցում է: Նրա խոսքով՝ առանձին դեպքերում նման դպրոցներում կա մի իրավիճակ, երբ պետությունը մեկ երեխայի կրթության համար վճարում է չափազանց բարձր գին՝ դրա դիմաց ստանալով կրթության ոչ համարժեք որակ:
Նախարարը հանձնարարել է նախարարության աշխատակիցներին տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ ավագ և հիմնական դպրոցների աշակերտական համակազմի բեռնվածության և դրանց հետագա կարգավիճակի վերաբերյալ: