.jpg)
Հայաստանը մասնակցել է Ժնևի Գրքի միջազգային 28-րդ ցուցահանդեսին
Հայաստանը մասնակցել է Ժնևի` Գրքի միջազգային ամենամյա ցուցահանդես-տոնավաճառին: Հայաստանի տաղավարը ներկայացնում էր Շվեյցարիայի «Հակոբ Դ. Թոփալյան» հայկական հիմնադրամը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հայաստանի տաղավարում ցուցադրված էին Հայաստանում և այլ երկրներում տպագրված հայերեն և օտարալեզու բարձրորակ հրատարակություններ, որոնց թվում առանձնահատուկ տեղ էին գրավում Հայաստանին, Արցախին, Ջուղային նվիրված գրքերը: Ցուցահանդեսի 5 օրերի ընթացքում կազմակերպվեցին նոր հրատարակված գրքերի շնորհանդեսներ, տարբեր թեմաներով քննարկումներ և դասախոսություններ հայոց պատմության, հայկական մշակույթի ու ճարտարապետության վերաբերյալ:
Քննարկումների շարքում այցելուների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել քաղաքագետ, լրագրող Վիկեն Չեթերյանի «Լռության 100 տարի` թաքնված հայեր» 2015 թվականին հրատարակվելիք գրքի ներկայացումը:
Ցուցահանդեսի ընթացքում հայկական տաղավարում ներկայացված էին նաև հայկական խոհանոցը և հայկական արտադրության հուշանվերներ: Այն անց էր կացվում ապրիլի 30-ից մայիսի 4-ը :