.jpg)
ՀՀ-ի անդամակցումը ՄՄ-ին որակապես կփոխի հայ-իրանական հարաբերությունները
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպեց այդ երկրի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Իրանի նախագահը հանդիպման ընթացքում անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների արդի վիճակին նշեց, որ 2 երկրները 20 տարվա ընթացքում իրենց հարաբերություններում լավ ձեռքբերումներ են ունեցել, բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել և կա երկուստեք ցանկություն առավել ընդլայնելու համագործակցությունը։
Պետք է նշել, որ հայ-իրանական հարաբերությունները ՀՀ-ի անկախությունից հետո դինամիկ կերպով զարգացել են թե տնտեսական ոլորտում՝ 2013թ.-ին ապրանքաշրջանառությունը հասել է շուրջ 340 միլիոն դոլարի և առկա է քաղաքական կամքը այն հասցնել 1 միլիարդ դոլարի, թե քաղաքական առումով՝նախագահների, նախարարների մակարդակով բազմաթիվ այցեր են տեղի ունեցել:
ՀՀ-ում ներդրումներ կատարելու Իրանի ցանկության մասին Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում նշեց Հասան Ռոհանին: Ռոհանիի խոսքով` Իրանը պատրաստ է հյուրընկալել հայ ներդրողներին և փոխադարձաբար իրանցի ներդրողներին խրախուսել, որպեսզի Հայաստանում ներդումներ կատարեն:
Հայաստանը Իրանի համար Հարավային Կովկասի տարածաշրջանում ամենավստահելի գործընկերն է, և երկկողմ հարաբերությունները թե՛ Երևանում, թե՛ Թեհրանում գնահատվում են որպես ռազմավարական: Իրան-Ադրբեջան անընդհատ լարվող հարաբերությունների ֆոնին Հայաստան-Իրան հարաբերություններում առկա է փոխադարձ վստահության բարձր մակարդակ:
Երկրների միջև իրականացվել են մի շարք նախագծեր՝ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցում, իրականացման փուլում է Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդակցման գծի շինարարությունը: Երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում նաև Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր իրավիճակ կստեղծի: Այդ նախագծերի կարևորությունը կրկին անգամ շեշտվեց ՀՀ արտգործնախարարի և իր իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպման ընթացքում:
Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության ակտուալության և Իրանի շահագրգռության մասին իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսին: Նրա խոսքով՝ երկաթգծի շինարարության հարցը պետք է ընդգրկվի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի օրակարգում: Իրանական կողմը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ իրենք անմիջապես պատրաստ են սկսել իրենց տարածքում երկաթգծի շինարարությունը և երկաթգիծը հասցնել մինչև Մեղրի, երբ շինարարական աշխատանքները մեկնարկեն Հայաստանի տարածքում:
Հայաստանի համար Իրանը այն հարավային դարպասն է, կյանքի ճանապարհը, որի ակտուալությունը հատկապես մեծ էր ղարաբաղյան պատերազմի օրերին: Իրանի բազմամիլիոնանոց շուկայում հայկական արտադրանքը կարող է իր ուրույն տեղը գտնել, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Արևմուտք-Իրան հարաբերություններում վերջերս որոշակի ջերմացում է նկատվում և Իրանից մի շարք պատժամիջոցներ են հանվում:
Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության շնորհիվ Հայաստանը ելք կունենա Իրանի տարածքով դեպի Պարսից ծոց և Կասպից ծով, ինչը շատ կարևոր հանգամանք է Հայաստանի տրանսպորտային ոլորտի դիվերսիֆիկացիայի առումով:
Իրանի համար Հայաստանը կդառնա այն հյուսիսային պատուհանը, որի շնորհիվ իրանական ապրանքները ելք կունենան դեպի վրացական սևծովյան Փոթի և Բաթում նավահանգիստներ:
Հայաստանը երկաթծի շնորհիվ կդառնա Հարավային Կովկասում տարանցիկ կարևոր միջանցք: Այս պահին շինարարության ակտիվ փուլում է գտնվում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը, ինչը Մեղրին միջազգային նորմերին համապատասխանող մայրուղով կկապի Վրաստանի հետ:
Էդվարդ Նալբանդյանն Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և Երևան այցելելու հրավերը:
Այսպիսով, Հասան Ռոհանիի նախատեսվող այցը Հայաստան տեղի է ունենալու տարածաշրջանում կարևորագույն զարգացումների ֆոնին՝ պայմանավորված Հայաստանի Մաքսային միությանը և եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշման հետ, ինչը Իրանի սահմանների մոտ նոր աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծում: Հայաստանը կարող է վերածվել նաև Ռուսաստան-Իրան ռազմավարական առանցքի ձևավորման կարևորագույն օղակներից մեկի: