06/05/2014 19:51
Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը մերժեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը՝ ինքնաբացարկի վերաբերյալ:
Վ. Ավետիսյանը դատարանում ասաց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրեն բուժում չեն նշանակել, թեև իր մոտ հիվանդություն է հայտնաբերվել, և միայն Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այցելությունից հետո նրան դեղորայք են նշանակել: Դատավորը ասաց, որ ինքը ևս գրություն կուղարկի ՔԿՀ-ի ադմինիստրացիային դրա վերաբերյալ:
Ապա հարցաքննվեց գործով վկա Հենրիկ Զաքարյանը, ով ասաց, որ խնդրել է միայն Վ. Ավետիսյանին օգնել իր թոռանը մոտ վայրում զինծառայության տեղավորելու հարցում, իսկ զինծառայությունից ազատելու մասին խոսք չի եղել, և նա որպես վարձատրություն Վ. Ավետիսյանին 2000 ԱՄՆ դոլար է տվել, որպեսզի թոռանը մինչև բանակ տանելը հիվանդանոց պառկեցնի:
Այդ խոսքից հետո դահլիւճում ներկաներից մեկը հայհոյանք հնչեցրեց, ինչից հետո դատավորը կարգադրեց նրան տանել ոստիկանության բաժանմունք: Որոշ ժամանակ անց ևս մեկ քաղաքացի լքեց նիստերի դահլիճը՝ ասելով, որ ինքն էլ միանում է հայհոյանքին:
Հ. Զաքարյանը ասաց, որ ինքը ավելի շատ է ուզում, որ Վ. Ավետիսյանը ազատ արձակվի, իսկ իր թոռանը 3 տարի տարկետում են տվել, քանի որ առողջության հետ խնդիրներ ունի, իսկ Վ. Ավետիսյանը դրա հետ կապ չունի:
Դատախազ Հենրիկ Պապիկյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ դատարանում տված ցուցմունքների հետ էական հակասություններ կան, ինչին պաշտպանական կողմը չառարկեց և դատախազը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը:
Նախաքննական ցուցմունքում Հ. Զաքարյանը ասել էր, որ Վ. Ավետիսյանը իրենից 1500 ԱՄՆ դոլար է պահանջել ավելի մոտ ծառայության կազմակերպելու համար, իսկ ծառայությունից ազատելու համար՝ 5000 ԱՄՆ դոլար, իսկ երբ Վ. Ավետիսյանին երկրորդ անգամ հանդիպելու համար զանգահարել է, պայմանավորվել են, որ նա իրեն 2 տուփ կոֆե պետք է բերի, այսինքն՝ 2000 ԱՄՆ դոլար, իսկ երբ գումարը տվել է Վ. Ավետիսյանին, նա մոռացել և չի հարցրել թոռան տվյալները, որոնք նա ավելի ուշ թելադրել է հեռախոսով:
Վկան հաստատեց, որ ցուցմունքներն ինքն է գրել և ստորագրել:
Հ. Հենրիկ Զաքարյանը նյարդայնացավ պաշտպան Ա. Զաքարյանի բազմաթիվ հարցերից և լքեց նիստերի դահլիճը, սակայն այն կանխեց դատական կարգադրիչը:
Վոլոդյա Ավետիսյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 21-ին:
Նախորդող հրապարակում՝ Վ. Ավետիսյանի պաշտպանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց
Ազատամարտիկները պահանջում են մայիսի 9-ին ընդառաջ ազատել Վոլոդյա Ավետիսյանին