.jpg)
1 մլրդ դրամի աջակցություն` 11 մլրդ դրամի փոխարեն
Հայաստանում հաշվառված է 10 404 հա ծիրանի այգի, որից 9 185 հա-ը բերք է տալիս, մնացածը` դեռևս երիտասարդ այգիներ են: Գարնանային ցրտահարությունների հետևանքով տուժել է 6 711 հա այգի: 2014թ-ի կանխատեսվում է ունենալ ընդհանուր բերքի 10 տոկոսից էլ քիչ ծիրան` առավելագույնը 8000 տոննա: Վնասը կազմել է 11 մլրդ 181 մլն դրամ: Այս տվյալներն այսօր լրագրողներին ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Ցրտահարվել է 287 համայնքի 3700 տնտեսություն` հիմնականում Արարատի և Արմավիրի մարզերում, որոշ չափով նախալեռնային գոտու ցածր տարածաշրջաններում:
Հողի հարկը փոխհատուցվելու է 100 տոկոսով, Կառավարությունը հատկացրել է 278 մլն դրամ գումար, ոռոգման ջրի վարձավճարը՝ 50 տոկոսով, հատկացվել է 487 մլն դրամ: 85 մլն դրամով ձեռք է բերվել լոլիկի, վարունգի, սեխի, ձմերուկի սերմացուներ և անհատույց տրամադրվել գյուղացիական տնտեսություններին: 160 մլն դրամ զբաղվածության ապահովման խնդրին է ուղղված: Գյուղացիներն աշխատելու են իրենց իսկ տնտեսություններում և ստանան օրական 4000 դրամ: Այս ճանապարհով գյուղնախարարությունը փորձում է լուծել եկամտից զրկված ֆերմերների զբաղվածության հարցը: 8000 խաղողի տնկիներ է անհատույց տրամադրվելու` նոր խաղողի այգիներ հիմնելու համար, նաև 1 մլն հատ սածիլ է արտադրվել, որը 3 դրամով կտրամադրվի գյուղացիներին:
Փոխնախարարը կոնկրետ չպատասխանեց, թե հատկապես որքան տարածք ունեցող ֆերմերներին է տրվելու աջակցությունը` այլ ասաց, որ ուղղված են փոքր և միջին հողատարածքներ ունեցողներին: Նշենք, որ որոշ վերամշակող գործարաններ ունեն իրենց սեփական ծիրանենիների այգիները:
Սերմերը տրվում են այն ֆերմերներին, որոնց պտղատու այգիները վնասվել են և ունեն վարելահողեր, առաջարկվել է համայնքապետարաներին պահուստային հողատարածքները տրամադրել տուժած գյուղացիներին:
«Աջակցությունը կորուստներին համարժեք չէ»,- ընդգծեց Գառնիկ Պետրոսյանը՝ կրկին շեշտելով, որ փոխհատուցման խնդիր չի դրվել` միայն աջակցության:
Եթե նկատի ունենանք, որ ներկայացված բոլոր թվերը արտացոլում են, կամ գրեթե արտացոլում են իրականությունը, ապա հարց է առաջանում` գյուղացին արդյոք մենակ չմնաց իր խնդիրների հետ, քանի որ սպասում էր փոխհատուցման, ոչ թե աջակցության:
Կան հողօգատգործողներ, ովքեր չունեն վարելահողեր և իրենց միակ եկամուտը հենց ծիրանն է և սերմեր ու սածիլներ չեն ստանալու, որոնց առավել ևս մատչելի գնով` 350 դրամ մեկ լիտրը դիզվառելիք և 6000 դրամով պարարտանյութ պետք չեն: Ինչի՞ համար: Գուցե այս դեպքում բուժանյութի կարիք կար, իսկ թե ինչո՞ւ է մատչելի դիզվառելիքի և պարարտանյութի ծրագիրը միացել ցրտահարությունից տուժած համայնքների աջակցության ծրագրին, անհասկանալի է, քանի որ մատչելի դիզվառելիք և պարարտանյութ ծրագիրը արդեն քանի տարի է՝ գործում է «առանց ցրտահարության»:
Պետք է նկատի ունենալ նաև, որ համայնքներում ճկուն ձևաչափով գործում է խնամի-բարեկամ, ընտրողներին օգտակար լինելու անքակտելի կապը, որը հսկելը հաստատ նախարարության հնարավորությունների սահմաններում չէ: Արդյունքում մնաց 10 տոկոսով աջակցություն ստացող` սածիլներով կամ առանց սածիլների, նախորդ տարիների մատչելի դիզվառելիքի և պարարտանյութ գնելուն պարտադրված գյուղացին: Ինչ վերաբերում է հողի և ջրի հարկերի փոխհատուցմանը` անհայտ է ում և ինչքան կտրամադրվի: Նաև զբաղվածությունը, որն ուղղված է սոցիալական ծանր պայմաններում ապրող գյուղացիներին, որոնց քանակը ծիրանի բերք չունենալու պայմաններում, կտրուկ ավելանալու է, ինչպես է որոշվելու և արդյոք թուղթը չի լինելու այս հարցը հիմնական դերակատարը:
Կարելի է պատճառաբանել, որ կառավարության հնարավորություններն այսքանն են, իհարկե, բայց նկատի ունենանք, որ գործ ունենք մարդու ճակատագրի հետ` ինչ է անելու մեկ տարվա եկամտից զրկված անձը, եթե կառավարությունը հստակ պատասխանի այս հարցին, երևի թե կառավարությունը կգտնի խնդրի լուծում և կհրաժարվի «նավթալինային» ձևակերպումից` «ոչ թե փոխհատուցում ենք, այլ՝ աջակցում»: