.jpg)
Նախագահի նախկին թեկնածու. Այո, տղամարդը իրավունք ունի ապտակելու իր կնոջը
Այսօր Կանանց ռեսուրսների կենտրոնի տնօրեն Լառա Ահարոնյանը Facebook-յան իր էջում տեսանյութ է տեղադրել ՀՀ նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրված Ռոբերտ Ահարոնյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ:
Միջադեպը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց: Տեսանյութում երևում է, թե ինչպես է 2013 թ. նախագահական ընտրությունների թեկնածու Ռ. Ահարոնյանը մի շարք վիրավորանքներ է հնչեցրել կանանց հասցեին:
«Դավայծե, դավայծե: Ես ախր զարմանում եմ` Քյավառի ժողովուրդն ուր են արա, որ սրանց թողել են հրապարակի մեջտեղը կանգնելու»,-ասել է Ռ. Ահարոնյանը, որից հետո՝ «Դուք որտեղացի՞ եք» հարցով սկսել է դիմել իրավապաշտպաններին:
«Խի՞ եք եկել, Դու՞ք եք Հայաստանից, Ձեր բարբառից չի երևում՝ որտեղից եք: Դուք Հայաստանի ջուրը չեք խմել, Դուք չգիտեք ստեղի ավանդույթները: Ձեզ թվում է, որ ստե՞ղ եք մնալու: Դուք որտե՞ղից եք՝ Վանաձո՞րից, երևի վռնդել են, ընդեղ թասիբով ժողովուրդ են: Գնացեք ձեր սփյուռքը, գանցեք էլի»,-ասել է նա ու ավելացրել, որ օրը գալու է, վտարելու են նրանց:
Ռ. Ահարոնյանը նաև հայտարարել է, որ «հզոր ընտանիքների կողմնակից» է. «Այո, տղամարդը իրավունք ունի ապտակելու իրա կնոջը, 100 %, Հայաստանը ազատեք, դավայ, ստեղից գնացեք: Ես սոցիալիստ եմ, պարզ ասում եմ` հայ ընտանիքը մի քանդեք, եվրոպական ձեր մոտեցումներով հայ ընտանիք մի' քանդեք»:
Ռ. Ահարոնյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս վիճաբանությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքը լրագրողին հարցազրույց է տվել և ասել, որ կողմ է «հզոր ընտանիքին», որից հետո վիճաբանության մեջ է ներքաշվել «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ներկայացուցիչների հետ, իսկ վիրավորանքներ հնչել են նաև իրենց հասցեին:
«Մեր վարորդին համբալ ասեցին, այդ բառը հայ մարդը չի օգտագործում, ինձ էլ ասեցին՝ եվրոպական կոստյումդ, շալվարդ հանի»,-ասաց նա:
Հարցին՝ ճանաչում է արդյոք այդ ընտանիքին, որի գործի քննությանը եկել էր մասնակցելու, նա ասաց, որ ոչ, սակայն պատմությանը ծանոթ է, իսկ դատական նիստի մասին իմացել է լրատվամիջոցներից:
Ռ. Ահարոնյանի խոսքով՝ «Կանանց ռեսուրսային կենտրոնը» քայքայում է այդ ընտանիքը ներսից:
«Իմ իմանալով՝ կինը գրանցվել է այդ կենտրոնում և չի զբաղվել երեխաներով, ինչը վիճաբանության պատճառ է դարձել, իսկ մի անգամ էլ ամուսինը եկել է տուն ու տեսել, որ կինը հեռախոսով է խոսում: Հարցրել է՝ ու՞մ հետ ես խոսում, ասել է, որ մոր, սակայն երբ ամուսինը ուզեցել է վերցնել հեռախոսը, կինը անջատել է ու ջնջել համարը: Ի՞նչ պետք է աներ ցանկացած նորմալ տղամարդ»,-ասաց նա:
Ռ. Ահարոնյանը ասաց, որ այսօր, երբ դատավորը հարցրել է ամուսնուն՝ արդյոք նա ցանկանու՞մ է միանալ կնոջը, նա նախ դրական է պատասխանել, հետո նայել է դահլիճում նստած ՀԿ-ի կանանց և ասել, որ կտրականապես չի ցանկանում միանալ իր կնոջ հետ:
«Այդ ընտանիքին ամբողջ Հայաստանը գիտի, գուշակ Վարսիկի ընտանիքի մասին է խոսքը, ով Աստվածատուր տաղանդ ունի»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք երբևէ այցելել է Վարսիկին, նա պատասխանեց, որ ոչ:
Ռ. Ահարոնյանը նաև ասաց, որ ցանկացած հայ ընտանիքում էլ լինում է, որ ամուսինը ապտակում է կնոջը, սակայն կինը դրա համար չպետք է դատի տա ամուսնուն:
Նշենք, որ խոսքը Սարգիս Հակոբյանի մասին է, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով ամուսնական հարաբերությունների մեջ Հասմիկ Խաչատրյանի հետ, խոշտանգել, պարբերաբար ծեծի է ենթարկել, մարմնական և հոգեկան տառապանք և պատճառել նրան:
Ս. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119 Հոդվածի 2 Մասի 3 Կետի (Խոշտանգումը) հատկանիշներով: