Ես երջանիկ եմ իմ աշխատանքում, ավելի երջանիկ, քան պետք է. Սարգիս Նաջարյան
07/05/2014 17:50

Ես երջանիկ եմ իմ աշխատանքում, ավելի երջանիկ, քան պետք է. Սարգիս Նաջարյան

Սարգիս Նաջարյան, մարդ ով 44 տարի ռադիոյի եթերում է: Շատ լավ գիտի ռադիոյի գաղտնիքները, հնարավորությունները, ռադիոունկնդրի հետ աշխատելու մանրունքները: Ռադիոյի անցած ճանապարհի, ձեռքբերումների և բացթողումներ, առկա խնդիրների մասին Life.panorama.am-ը զրուցել է Սարգիս Նաջարյանի հետ:

-Պարոն Նաջարյան, արդեն 44 տարի է ռադիոյում եք աշխատում, այն ի՞նչ է դարձել ձեզ համար:

-Ռադիոն ինձ համար իմ երկրորդ, ինչու չէ ժամանակ առ ժամանակ իմ առաջին տունն է եղել: Կար ժամանակ, երբ մեր 30 հոգուց բաղկացած հաղորդավարական բաժինն առավոտյան ժամը 9-ից աշխատում էր: Ես միշտ ասում էի, եթե անհրաժեշտություն լինի գիշերվա ժամը 3-ին էլ զինվորի նման կանգնած կլինեմ: Հիմա համեմատաբար քիչ եմ անցկացնում ռադիոյում, այսօր գրեթե բոլոր հաղորդումները ձայնագրվում են, երկար մնալու անհրաժեշտությունը չկա:

-Եթե դիտարկենք անկախության տարիները և խորհրդային ժամանակաշրջանի ռադիոն ի՞նչ ձեռք բերեց և ի՞նչ կորցրեց:

-Դե սովորաբար բարձրաձայնում ենք, որ ազատություն ենք ձեռք բերել, բայց ազատության զգացողությունները տարբեր բնագավառի աշխատողների մոտ տարբեր են եղել: Յուրաքանչյուրս այդ ազատությունը զգացինք շատ ավելի ազատ: Քանի որ ռադիոն և հեռուստատեսությունն այն լրատվամիջոցն են, որ գործ ունեն ժողովրդի հետ, այդ իսկ պատճառով, այս ազատությունն ինչ-որ տեղ պետք է սահամանփակ լիներ, շատ կոռեկտ:

-Այսինքն, որակի՞ առումով տուժեց:

-Այո, հենց որակի, բովանդակության և խոսքի առումով: Ինչպե՞ս կարելի է: Տարիներ շարունակ մեր հրաշք գրականագետները, լեզվաբանները պայքարել են մայրենի լեզուն անաղարտ պահելու համար, իսկ հիմա իրավիճակն ամբողջությամբ փոխվել է: Ես մետաքսում եմ ապրում, Խորենացի փողոց, որը զզվելի հայերենով խոսելու իմաստով տարիներ շարունակ ավանդապահ է եղել: Այսօր այդ ժարգոնը բերվեց եթեր, դա սարսափելի է: Այսօր տեղ կա, որ նույնիսկ ամաչում ես նորմալ հայերենով խոսել: Դա հիմա ծիծաղելի է: Ես նկատել եմ աղջիկների և տղաների, ովքեր իրենց կայանալու, ինքնահաստատվելու համար օգտագործում են նմանատիպ բառեր: Այդ մոտեցումը կյանքից է գնում եթեր, եթերից գնում է կյանք: Ի՞նչ է հայ ժողովուրդն ամբողջ կյանքում անբարո գող ու ռաբի՞ զ է եղել, ո՞ւր մնացին մեր քաղաքակիրթ հայերը: Մենք պետք է քարոզենք բարություն, եղբայրություն, հանապազօրյա հացը կիսելու վիճակ: Դա պետք է գերակշիռ լինի:

-Իսկ կադրերի առումով ինչպիսի պատկեր ունենք:

-Շատ տխուր պատմություն է: Ես դասավանդել եմ 3 տարբեր բուհում և հետո դուրս եկա: Մոտ 10 տարի առաջ դրվածքն ուրիշ էր, այսօր փոխվել է: Ես աշակերտի նման պարապում, գնում էի լսարան, ես իմ պարապածը գրատախտակի մոտ ինձ պատմում էի, իսկ լսարանում 2 կամ 3 հոգի էին նստած: Հիասթափվեցի, հիմա սովորելը ավելի շատ մոդայիկ է դարձել: Կարծես, ամբողջ Հայաստանը հիմա սովորում է, իհարկե պետք է նաև ասել, որ մենք ունենք հրաշալի երիտասարդներ, բայց շատ քիչ: Սերն է պակասել, ամբողջ մոլորակում սերն է պակասել,մարդիկ քիչ են իրար սիրում, քիչ են սիրում նաև մասնագիտությունը:

-Խնդրի լուծումը որտե՞ղ եք տեսնում:

-Պետական մոտեցում է անհրաժեշտ: Առաջին, երկրորդ կամ երրորդ դեմքը պետք է ձեռքը հարվածի սեղանին և ասի՝ ոչ, այսպես չի կարելի: Կոմերցիան, բիզնեսը նույնպես պետք են, դա հասկանում ենք, բայց տոկոսային հարաբերություն պետք է լինի:

-Տեղեկատվական տեխնոլոգիաների այս թռիչքային զարգացման փուլում, ռադիոն ինչ-որ տեղ իր դիրքերը զիջե՞լ է:

-Այս հարցը ինձ տարիներ շարունակ տալիս են, իսկ ես միշտ պատասխանում եմ ոչ, Գիտեք ինչու, որովհետև ռադիոն լրատվամիջոց է, որը որտեղ էլ լինես միշտ քեզ հետ է: Ես նույնիսկ դեպքեր գիտեմ, որ մարդը հոգնել է հեռուստացույցից և անցել է ռադիո ունկնդրելու: Ռադիոն միշտ ապրում է, միշտ կենդանի է և ես 44 տարվա ընթացքում չտեսա, որ ռադիոն կանգ առնի: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ես երջանիկ եմ իմ աշխատանքում, ավելի երջանիկ, քան պետք է. Սարգիս Նաջարյան