Ոստիկանապետ. Արագ պետք է ազատվել կառույցը սեփական շահերին ծառայեցնողներից
07/05/2014 20:11

Ոստիկանապետ. Արագ պետք է ազատվել կառույցը սեփական շահերին ծառայեցնողներից

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավար կազմի մասնակցությամբ: Օրակարգում մեկ հարց էր՝ ծառայության աշխատանքում առկա թերությունները, դրանց պատճառների վերլուծությունն ու վերացման ուղիները: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Խոսելով իրավիճակը շտկելու ուղիների մասին, ոստիկանության պետը նշել է, որ հնարավորինս արագ պետք է ազատվել կառույցը սեփական շահերին ծառայեցնողներից, ինչը բարեխիղճ ոստիկանների, առաջին հերթին ստորաբաժանումների ղեկավարների ուղղակի պարտականությունն է:

Անդրադառնալով բարեփոխումների ընթացքին` Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ փոփոխություններին ընդդիմանում են ոչ միայն հասարկության որոշակի խմբերի ներկայացուցիչներ, այլև դիմադրություն կա հին ու արատավոր գործելաոճից չհրաժարվող որոշ ոստիկանների կողմից:

Ոստիկանության պետն ընդգծել է, որ հասարակությունը դրական է վերաբերվում ոստիկանության վերափոխմանը, քաղաքացիները հանդուրժող են թերությունների հանդեպ, սակայն պահանջկոտ են ոստիկանի բարոյական նկարագրի և պատշաճ ծառայության հարցում: Դա նաև ոստիկանության ղեկավարության գլխավոր ու առաջնահերթ պահանջն է:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել և ժամկետներ նշանակել թերությունները վերացնելու և ծառայությունը պահանջվող մակարդակին հասցնելու համար:
 

Ոստիկանապետ. Արագ պետք է ազատվել կառույցը սեփական շահերին ծառայեցնողներից