.jpg)
Ա. Աշոտյան. ՀՀ և ՌԴ ժողովուրդների միջև ոչ ոք չի կարող սեպ խրել
«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների միջև ոչ ոք չի կարող սեպ խրել»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինսկու հայտարարությանը, ով նշել է, որ «անհրաժեշտ է համարում Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունների չեզոքացումը, որոնք սեպ են խրում ռուս-հայկական հարաբերություններում»:
Նախարարը փոխանցեց, որ ՀՀ-ում ՀԿ-ների դերը գնալով մեծանում է. ՀԿ-ները զգալի մասը պետականամետ ու հայաստանամետ է, սակայն կան կազմակերպություններ, որոնք առաջնորդվում են՝ ով վճարում է, նա պատվիրում է երաժշտությունը սկզբունքով:
«Օրենսդրական խախտումներով գործող ՀԿ այս պահին չեմ նկատել»,- շեշտեց Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, որտեղ նշվում էր, որ հայկական կողմը պետք է Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքները հանձնի Ադրբեջանի վերահսկողությանը. «ՀՀ-ի իշխանության ու ընդդիմության թիվ մեկ խնդիրը պետք է այն լինի, որ թույլ չտանք ՀՀ-ն և մասնավորապես՝ ԼՂՀ հակամարտությունը դառնա գլոբալ աշխարհաքաղաքական պայքարի նոր օջախ: Ղարաբաղը փորձադաշտ չէ, Ղարաբաղն իր իրավունքի համար է պայքարել ու պայքարում և կախված չէ այդ իրավունքի իրագործումն անգամ գերտերություններից, տվյալ ժամանակահատվածի քաղաքական շահերից»: