.jpg)
Բացի Իրանից, Նեթանյահուի խոսքերը լուրջ չեն ընդունում նաև Իսրայելում
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը, հղում անելով իսրայելական «The Times of Israel» կայքին, նշում է, որ Իսրայելի միջուկային էներգիայի հանձնաժողովի նախկին ղեկավար Ուզի Էլիամը, անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ իսրայելցի պաշտոնյաների մտահոգություններին, նշել է. «Իրանը դեռ 10 տարի ունի, որպեսզի կարողանա ատոմային ռումբ ձեռք բերել, հետևաբար վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները քաղաքական խաղեր են»:
Նշենք, որ միջուկային ծրագրի հարցում Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակասություններն առաջացան Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո, քանի որ մինչ այդ, Իրանի երբեմնի դաշնակիցները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Գերմանիան, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը, անմիջական մասնակցություն ունեին Իրանում ատոմակայանների կառուցման գործում և աջակցում էին միջուկային ոլորտում Իրանի առաջ քաշած ծրագրերին: Ավելին, 1959թ. հիմնադրված Թեհրանի միջուկային հետազոտությունների կենտրոնը անհրաժեշտ սարքավորումներով զինվեց հենց Միացյալ Նահանգների կողմից:
1958թ. Իրանը, անդամակցելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, ստորագրել է Իրան-ԱԷՄԳ երաշխիքային համաձայնագիրը, որի համաձայն՝ պարբերաբար տեսչական ստուգումներ են իրականացվում Իրանի միջուկային հաստատություններում: 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը: Բացի այդ, ԻԻՀ հոգևոր առաջնորդի արձակած ֆեթվան մերժում է զանգվածային ոչնչացման, այդ թվում միջուկային զենքի կիրառումը:
Անցնող տարիների ընթացքում Իսրայելը բազմից է հայտարարել, թե Իրանը մոտ ապագայում միջուկային ռումբ կստեղծի, նույնիսկ մի քանի անգամ հստակ ժամկետներ են նախանշվել:
Սակայն, ինչպես նկատում ենք, հակառակ պաշտոնական Թել Ավիվի կանխատեսումներին, անցնող տարիների ընթացքում այդպես էլ չհաստատվեցին Իրանի՝ միջուկային զենք ունենալու մասին կասկածները: Ավելին Իրանի և «5+1 խմբի» միջև ժնևյան համաձայնագրի կնքումից հետո՝ Թեհրանը ս.թ. հունվարի 20-ին պաշտոնապաես հայտարարեց, որ դադարեցնում է ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները: Վերջին ամիսների ընթացքում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը մի քանի անգամ հայտարարել է, որ Իրանը կատարել է ժնևյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:
Ժնևյան համաձայնագրից թերևս միակ դժգոհ երկիրը Իսրայելն է, հետևաբար վերջինիս կողմից Թեհրանի հասցեին պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունները բացառապես ունեն քարոզչական բնույթ և միտված են միջազգային ասպարեզում թեժ պահելու իրանական հարցը: Իսրայելցի փորձագետի բացահայտումները վկայում են, որ բացի Իրանից, վարչապետ Բենիամին Նեթանյահուին չեն վստահում նաև Իսրայելում: