.jpg)
ՀՅԴ Արցախի կենկոմը՝ Ուորլիքին. Տարածքային փոխզիջման տարբերակն անընդունելի է
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն անընդունելի և մտահոգիչ է համարել Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթը: Այս մասին հաղորդում է Aparaj.am-ը:
Դավիթ Իշխանյանի կարծիքով` չնայած այն հանգամանքին, որ ելույթի տեքստում չի նշվում «Մադրիդյան սկզբունքներ» բառակապակցությունը, սակայն այն բաց ենթատեքստով ներկայացվեց հանրությանը. ամբողջ ելույթի առանցքը կազմված էր Մադրիդյան սկզբունքների հիման վրա:
«Դաշնակցությունը բազմիցս հնչեցրել է, որ Մադրիդյան սկզբունքների շուրջ կառուցվող բանակցային գործընթացը մեզ համար անընդունելի է, և որևէ քայլ, որը կարող է վնասել Ղարաբաղի ապագային, անմիջականորեն կստանա իրեն համարժեք պատասխանը»,- ասաց նա:
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցչը նշել է, որ բազմիցս Արցախի իշխանությունների կողմից շատ կոշտ դիրքորոշումներ են հնչեցվել Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, և այսօր էլ լիահույս է, որ Արցախի իշխանություններն իրենց տեսակետը ոչ միայն չեն փոխել, այլև կոշտ կարձագանքեն Ուորլիքի այս ելույթին, որը, ինչպես նա է ներկայացնում, ամերիկյան կողմի հստակ դիրքորոշումն ու քաղաքական գիծն է: Նրա կարծիքով` այս քաղաքական գիծը չի տարբերվում մյուս երկու` ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահող երկրների քաղաքական գծից:
Նրա համոզմամբ` սա նաև ԱՄՆ-ի կողմից քայլ է` աշխարհաքաղաքական ներկա զարգացումների ընթացքին բանակցային գործընթացում իր դերակատարությունը ցույց տալու, առաջատար դեր ստանձնելու համար:
Ինչ վերաբերում է փոխզիջումներին, ապա Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի պնդմամք` Արցախի կողմից փոխզիջումային տարբերակը արդեն իսկ 20 տարի առաջ զինադադարի տեսքով եղել է, և բոլորն էլ, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խումբը, շատ լավ գիտակցում են այդ փաստը:
«Այն փոխզիջման տարբերակները, որ պարոն Ուորլիքը փորձում է մատուցել, մեզ համար անընդունելի է, և ոչ միայն անընդունելի է, այլև մենք, հաստատակամ և հավատարիմ լինելով մեր որդեգրած սկզբունքներին, պայքարելու ենք այդ սկզբունքներն արմատավորելու հակառակ դաշտում: Եթե համանախագահները փորձում են իրենց սկզբունքներն արմատավորել մեր դաշտում` ի դեմս համերաշխության կոչերի, խաղաղության մեծ համաձայնագիր տերմինների, այս ամենով մեր հանրության մեջ նոր սերմեր են ցանկանում մտցնել, սակայն մենք արդեն իսկ ունենք մեր տեսակետը և հենց դա պետք է նրանց համար ընդունելի դարձնել»,- նշեց նա:
Իշխանյանը համոզված է, որ առանց ԼՂՀ-ի անմիջական մասնակցության անպտուղ է լինելու որևէ բանակցային գործընթաց: Բանակցությունների ընթացքում չի կարող անտեսվել Արցախի ժողովրդի տեսակետը. ԼՂՀ-ն չի կարող տարածքային փոխզիջման տարբերակը ընդունելի համարել: