.jpg)
Սիրիայում Բաշար Ասադի հաղթանակը կխառնի Արևմուտքի խաղաքարտերը
3 տարի շարունակ արյունալի քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Սիրիայում մեկնարկել է հունիսի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավը:
Ամռանը կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցված թեկնածուներից՝ գործող նախագահ Բաշար Ասադ, կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Մահեր Աբդել-Հաֆիզ Հաջար և նախկին պատգամավոր Հասան Աբդալա ալ-Նուրիի հաղթելու ամենամեծ շանսերը ունի Բաշար Ասադը:
Սիրիայի այս ընտրությունները տեղի են ունենում քաղաքական նոր պայմաններում և բարեփոխված սահմանադրությամբ: Ասադը նախագահի պաշտոնում վերընտրվել է 2007թ.-ի հուլիսի 17-ի համաժողովրդական հանրաքվեի ընթացքում: Ասադի թեկնածության օգտին է քվեարկել ընտրություններին մասնակցած քաղաքացիների 97.62%: Բաշար Ասադը Սիրիան ղեկավարում է 2000թ.-ից, երբ մահացավ Սիրիայում 30 տարի իշխանության ղեկին գտնվող նրա հայրը՝ Հաֆեզ Ասադը:
2012 թ.-ի ընդունված նոր սահմանադրությամբ բարելավել է Սիրիայի քաղաքական համակարգը և այն դարձել է ավելի ճկուն ու ժողովրդավարական: Նախկինում նախագահը պետք է առաջադրվեր միայն «ԲԱԱՍ» իշխող կուսակցությունից և նախագահի թեկնածությունը պետք է հավանության արժանանար համաժողովրդական հանրաքվեի ընթացքում:
Այժմ նախագահական լիազորությունները սահմանափակվում են 7 տարվա երկու ժամկետներով:
Նոր սահմանադրությամբ, Սիրիայի նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, Սիրիայի քաղաքացի հանդիսացող և վերջին 10 տարին մշտապես Սիրիայում բնակվող անձը: Բացի այդ, թեկնածուն պետք է ստանա նաև 35 պատգամավորների աջակցությունը:
Բնակչության շրջանում Ասադի վարկանիշը շատ մեծ է, քանի որ հասարակության մոտ նա ասոցացվում է երկիրը ավիրող իսլամիստական զավթիչների դեմ պայքարող փրկչի և լեգիտիմ նախագահի հետ: Սիրիայի իսլամիստական խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակիչները իրենց մաշկի վրա են զգացել, թե ինչի կարող է հանգեցնել վերոնշյալ խմբավորումները իշխանության գալը:
Ազգային և կրոնական փոքրամասնությունների համակրանքը նույնպես Ասադի և ալևիական կլանի կողմն է, քանի որ տասնամյակներ շարունակ նրանք վայելել են իշխանության բարյացակամ վերաբերմունքը:
Արևմուտքը չի ճանաչելու նախագահական ընտրությունները և փորձելու է ամեն կերպ խափանել ընտրությունների նորմալ ընթացքը, իրենց և արաբական մի շարք երկրների կողմից ֆինանսավորվող խմբավորումների ձեռքով:
ԱՄՆ-ը սիրիական հարցում չի փոխում իր կեցվածքը: Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ, ինչպես նաև՝ ամերիկյան կառավարությունը որոշել է լրացուցիչ 27 միլիոն դոլար տրամադրել սիրիական հակաասադական ընդդիմությանը:
Սիրիայում լեգիտիմ և մասնակցության մեծ աստիճանով ընտրությունների անցկացումը չի բխում Արևմուտքի շահերից, քանի որ այդ պայմաններում Ասադի հաղթանակը գրեթե կանխորոշված է: Սիրիական իշխանությունները չնայած երկրում շարունակվող քաղաքացիական պատերազմին բավականին մեծ հաջողություններ են գրանցում երկիրը իսլամիստական խմբավորումներից ազատելու համար:
Այսօր զինված ընդդիմության 2000 մարտիկներ լքել են Սիրիայի խոշորագույն քաղաքներից մեկը՝ Հոմսը, որն անցավ կառավարության վերահսկողության տակ:
Սիրիայի իշխանությունները ակնկալում են հունիսի 3-ի ընտրությունների լեգիտիմության ճանաչում առաջին հերթին Դամասկոսի դաշնակից համարվող երկրների կողմից և պատահական չէ, որ ընտրություններին դիտորդներ ուղարկելու հրավերը ստացել են ՌԴ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Կուբան, Վենեսուելան, Էկվադորը և Հայաստանը:
Արևմուտք-Ռուսաստան հակամարտության ֆոնին Մոսկվան ամեն կերպ աջակցելու է Ասադին և ճանաչելու է հունիսի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունների լեգիտիմությունը՝Վաշինգտոնին ուկրաինական ճգնաժամի համար Մերձավոր Արևելքում «պատժելու» համար: