Արբելոա. «Արագ հասկացանք, թե ով է Մոուրինյոն»
09/05/2014 18:05

Արբելոա. «Արագ հասկացանք, թե ով է Մոուրինյոն»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան հիշել է նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ համատեղ աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է sport.es-ը:

«Առաջին անգամ Մոուրինյոյին հանդիպեցինք Լոս Անջելեսում, երբ իսպանացի ֆուտբոլիստները հաղթանակած վերադարձան աշխարհի առաջնությունից: Այնտեղ ընկերական հանդիպում անցկացրեցինք «Լոս Անջելես Գելեքսիի» հետ: Առաջին խաղակեսից հետո պարտվում էինք 0:2 հաշվով: Հանկարծ բղավոց լսվեց հանդերձարանում: Բոլորս ստացանք մեր չափաբաժինը: Արագ հասկացանք, թե ով է Մոուրինյոն:

Չենք կարող պատկերացնել, օրինակ, որ Պելլեգրինին այդպես բղավեր Քրիշտիանուի վրա: Այդ օրվա խոսակցությունը մենք լավ հիշեցինք: Մոուրինյոն ասում էր. «Չե՞ս ուզում վազել, նստիր պահեստայինների նստարանին: Դո՞ւ նույնպես, խնդիր չկա, նույն ուղղությամբ»: Կարևոր չէր, թե ով է նրա դիմաց` աշխարհի չեմպիո՞ն, Կակա՞ն, թե՞ երիտասարդական թիմի ֆուտբոլիստ:

Բնական է, որ նման պայմաններում Մոուրինյոյի և որոշ ֆուտբոլիստների միջև հարաբերությունները լարվեցին: Դա տեղի ունեցավ նաև այն ժամանակ, երբ Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչում պարտվեցինք «Բորուսիային»: Մենք պրոֆեսիոնալ ենք և թույլ չէինք տալիս, որ ներքին խնդիրներն արտացոլվեն խաղադաշտում: Հետո մենք պարտվեցինք Իսպանիայի չեմպիոնի համար մղվող պայքարում, այնուհետև ձեռքից բաց թողեցինք նաև գավաթը: Դա համբերության վերջին կաթիլն էր:

Կասիլյա՞սը: Այդ մասին արդեն բավականաչափ խոսվել է: Մենք պրոֆեսիոնալ ենք և հանդես ենք գալիս հօգուտ մեկ թիմի շահերի` «Ռեալի»: Այդ թեմայի շուրջ խոսել չենք պատրաստվում»,- նշել է Արբելոան:
 

Արբելոա. «Արագ հասկացանք, թե ով է Մոուրինյոն»