Արցախի Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել մայիսի 9-ի առթիվ
09/05/2014 11:10

Արցախի Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել մայիսի 9-ի առթիվ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան տոներից մեկն է, որը խորհրդանշում է մեր ազգային բնավորությանը հատուկ հայրենասիրությունն ու խիզախությունը, անձնազոհությունն ու սխրանքը, օտարի լծի դեմ ըմբոստանալու եւ հաղթելու անսասան կամքն ու վճռականությունը: Սա եկել է դարերից և իր վկայությունն ստացել Մեծ Հայրենականի տարիներին, երբ տարբեր ժողովուրդների հետ ձեռք ձեռքի մեր հայրերն ու պապերը կռվում էին ֆաշիստական Գերմանիայի դեմ` փրկելով աշխարհը նացիզմի ճիրաններից: Նրանց հերոսական դասը շարունակեց արդեն նոր սերունդը` Արցախյան ազատամարտում պաշտպանելով հայրենի հողն ու կռելով նոր հաղթանակներ:

Պաշտպանության բանակի կազմավորումը և Շուշիի ազատագրումը դարձան այն կարևոր ձեռքբերումները, որոնք հիմք դրեցին մեր հետագա բոլոր հաջողությունների համար: Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ մեկտեղ հաջողվեց ոչ միայն հաղթանակ տանել մեզ պարտադրված ծանր ու դաժան պատերազմում, այլև կառուցել օր օրի շենացող ու զորացող երկիր` շարունակելով հայրենիքի համար նահատակված քաջ հայորդիների կիսատ թողած գործը եւ հավերժացնելով նրանց հիշատակը:

Թանկագի՛ն հայրենակիցներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս մայիսյան այս փառապանծ Եռատոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարօրություն ու նորանոր հաղթանակներ մեր հերոսական ժողովրդին ու հայրենիքին»:

Արցախի Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել մայիսի 9-ի առթիվ