.jpg)
Տնօրեն. Գավառի մանկատան սանը փախել է մեծ եղբոր դրդմամբ
Գավառի մանկատան սան՝ 14-ամյա Արևշատ Զախարյանը մանկատնից փախչել է իր մեծ եղբոր դրդմամբ: Աս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ երեխան երկրորդ անգամ փախել է մայիսի 3-ին:
«Ինքը մեր մանկատուն է եկել հունվարից, սակայն դրանից առաջ՝ 2008 թվականին մի տարի ապրել է մեզ մոտ: Մինչև այդ նա ապրել է խնամակալների մոտ, շատ լավ ընտանիք էր, ես ինքս եմ տեսել, կրթված մարդիկ էին, բայց երեխան չցանկացավ ապրել նրանց հետ»,- ասաց նա:
Ն. Նալբանդյանի խոսքով՝ մեծ եղբայրը, որը 24 տարեկան է, առաջին անգամ եղբորը տեսակցության է եկել մարտի 17-ին և դրանից հետո անընդհատ եղբոր վրա փորձել է ազդել, որ նա փախնի իր հետ:
«Նրանք ապրում են Հրազդանում, շատ վատ պայմաններում, տուն չունեն, մայրն էլ երկրորդ կարգի հաշմանդամ է: Մարտի 17-ին նա մի շաբաթով տարավ իր մոտ Արևշատին, հետո, երբ, որ երեխան փախավ, ես եղա նաև այն տեղում, որտեղ նա այդ մի շաբաթը ապրել էր իր եղբոր հետ: Իսկական խոզանոց էր ու ես սկսեցի ինձ մեղադրել, որ նրան թողել էի իր եղբոր հետ ապրել, սակայն մյուս կողմից էլ մտածում եմ, որ եթե չթողնեի, նա, միևնույն է, փախնելու էր նրա հետ: Երեխան հրաշալի ինտեգրվել էր, ընկերություն էր անում բոլորի հետ, բայց մեծ եղբայրը օրական 3-4 ժամ հեռախոսով նրան ինչ-որ խրատներ էր տալիս, որ փախնի, ասում էր, որ տանելու է իրեն, բայց նրան երեխա որևէ մեկը չէր տա: Մայրը ինձ միշտ խնդրում է, որ իր մեծ որդուց հեռու պահեմ Արևշատին, քանի որ նա պետք է գողություն անի, նախկինում մի անգամ դրա համար դատվածություն ունեցել է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ա. Զախարյանը ապրիլի 1-ին ևս փախել էր մանկատնից, սակայն ապրիլի 10-ին՝ ժամը 18.10-ին, հայտնաբերվել էր Երևանի Խորենացու փողոցի հարակից այգում:
Մանկատան տնօրենը նշեց, որ ինքը այս անգամ երեխային գտնելու շանսերը ավելի քիչ է գնահատում:
«Նրա եղբայրը վերջերս ինչ-որ կանաչապատման աշխատանքներով էր զբաղվում, բայց մի քանի օր առաջ մանկատուն էին եկել նրա հետ աշխատողները, որոնք հարցնում էին, արդյոք նա եկել է եղբորը տեսակցության և ասացին, որ իրենցից 1000 ԱՄՆ դոլար է գողացել և փախել: Հիմա նրա մոտ փող կա, եթե նախորդ անգամ չկար և նա այժմ ավելի լավ կթաքնվի, քանի որ գիտի, որ իրեն ոստիկանությունն էլ է փնտրում»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Գավառի մանկատան սանը նորից փախել է (Տեսանյութ)
Գավառի մանկատան սանը գտնվել է. Տղան թափառել է Երևանի փողոցներում