.jpg)
Ամերիկացի համանախագահի ելույթը. Մեկնաբանում են քաղաքագետները
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին ելույթով նախօրեին հանդես եկել Քարնեգիի միջազգային հիմնադրամում:
Ելույթում առկա շեշտադրումների և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Aysor.am-ը զրուցեց քաղաքագետների հետ:
Ալեքսանդր Մարկարովի կարծիքով` ներկայացված մոտեցումները ընդամենը Մադրիդյան սկզբունքների կրկնությունն էին:
«Ուորլիքի կողմից ներկայացված ԼՂ հակամարտության կարգավորման մոտեցումները որոշակի առումով հիշեցնում են ավելի վաղ ներկայացված Մադրիդյան կամ նորացված Մադրիդյան սկզբունքները:
Իհարկե, բարի ցանկությունները և քաղաքականության նկատմամբ իդեալիստական մատեցումները դրական իրողություններ են: Սակայն դրա հետ մեկտեղ առկա է իրական քաղաքական գործընթաց, իրական տարածքներ, իրական մարդիկ և վերջապես առկա խնդիրների լուծման իրատեսական մոտեցումներ»,- ասաց Ա. Մարկարովը:
Առաջարկությունները ներկայացվել են որպես ամենիկյան կողմի պաշտոնական մոտեցում և դեռևս համաձայնեցված չեն այլ համանախագահների հետ: Ես չեմ կարծում, որ առկա իրավիճակում ՄԽ-ի ձևաչափն այնքան է փոխվել, որ Ամերիկյան կողմը, առանց մյուս համանախագահների հետ համաձայնեցման, կարող է միակողմանի քննակման ներկայացնել նմանատիպ առաջարկներ:
Երկրորդ խնդիրը, իմ կարծիքով, կապված է ներկայացված առաջարկություների իրագործման գործիքների և առհասարակ կյանքի կոչելու հնարավորությունների հետ: Մասնավորապես` խոսքը վերաբերում է այնպիսի դրույթների, ինչպիսիք են հանրաքվեի անցկացումը կամ անվտանգության երաշխիքները:
Մյուս կողմից` հարկ է հիշեցնել, որ հայկական կողմերը բազմիցս հայտարարել են, որ անվտանգության գոտին ձևավորող տարածքների հանձնման հարցը ներկայումս ենթակա չէ քննարկման:
Հետևաբար, այս առաջարկությունները կարող են հետաքրքիր և որոշ շրջանակների համար նույնիսկ գրավիչ լինել, սակայն չեն կարող հանդիս գալ որպես հիմնախնդրի լուծման վերջնական հիմք»,- հավելեց բանախոսը:
Հատկանշական է, որ Ջեյմս Ուորլիքը իր ելյույթում, ապա նաև՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Twitter-ի իր միկրոբլոգում նույն օրը և գրեթե նույն բառերով շեշտել էին այն միտքը, որ «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը»:
Անդրադառնալով ամերիկյան կողմի նման «հետևողականությանը»` Ա. Մարկարովը նշեց. «Ամերիկյան կողմը առաջին անգամ չէ, որ օգտագործում է «գրավյալ տարածքներ» արտահայտությունը: Նահանգների կողմից ներկայացված բանաձևը ևս մեկ անգամ ի ցույց է դնում համանախագահների միջև դիրքոշորումների համաձայնության բացակայության իրողությունը: Նման դիրքորոշումը միանշանակ կարելի է դիտարկել որպես ոչ կառուցողական, որը ոչ մի կերպ չի կարող նպաստել գործընթացի առաջխաղացմանը»:
Սերգեյ Մինասյանը, իր հերթին ևս փաստեց, որ ելույթում հնչած շեշտադրումները արտացոլում են Միացյալ Նահանգների պաշտոնական տեսակետը և իրենցից ներկայացնում են Մադրիդյան սկզբունքները` որոշ «ազատ մեկնաբանություններով»:
«Սակայն կան որոշակի առանձահատկություններ: Առաջինն այն է, որ Միացյալ Նահանգները հերթական անգամ նշում են, որ Մադրիդյան սկզբունքների մշակման ժամանակ Ադրբեջանն արդեն իսկ իր համաձայնությունը տվել է, որ Լեռնային Ղարաբաղը, առնվազն նախկին ԼՂԻՄ-ի տարածքով և Լաչինի միջանցքով, պետք է ունենա առանձին կարգավիճակ: Այսինքն` Ադրբերջանը արդեն իսկ համաձայնվել է, որ հարաքվեի միջոցով ԼՂ-ն պետք է Ադրբեջանի կազմից դուրս լինի:
Երկրորդ կարևոր դրույթը դա ժողովրդական դիվանագիտության ջանքերի ակտիվացման շեշտադրումն էր: Այն, իհարկե, զավեշտալի է Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին, երբ հայերի և Հայաստանի հետ ցանկացած շփում ունեցող անձինք կա՛մ բանտարկված են, կա՛մ հետապնդվում են: Սակայն, մյուս կողմից, հասկանալի է, թե այս հորդորը առաջին հերթին ում է ուղղված»,- ասաց Ս. Մինասյանը:
Վերջինս համակարծիք է իր գործընկերոջ հետ այն հարցում, որ ներկայումս, թերևս կարևորագույն հարցերից մեկը առաջ քաշված առաջարկների իրագործելիություն է:
«Կարճաժամկետ հեռանկարում այս դրույթները անիրագործելի են: Օրինակ` առաջ է քաշվում բոլոր փախստակաների վերադարձի հարցը: Եթե հաշվի առնենք այն, որ փախստակաների միջև տարբերություն դնելն անընդունելի է, ապա ստացվում է, որ պետք է վերադառնան ոչ միայն ադրբեջանցի, այլև մեր փախստականները: Հայերը պետք է վերադառնան Մարտակերտի գյուղերը, Գանձակ, Բաքու և այլ տարածքներ: Մյուս կողմից` առաջարկները չեն արտացոլում քառորդ դարի ընթացքում ձևավորված քաղաքական իրավիճակը»,- ասաց Ս. Մինասյանը:
Բանախոսի կարծիքով, առկա առաջարկների մեջ թաքնված է նաև բավական վտանգավոր մի իրողություն:
«Միացյալ Նահանգները առաջին անգամ փորձում են միանձնյա հանդես գալ որոշակի նախաձեռնությամբ: Դա լեգիտիմացնում է նաև ՌԴ-ի` այս ամենին զուգահեռ գործընթաց սկսելու իրավունքը, ինչը կարող է լուրջ տարաձայնությունների առիթ դառնալ: Օրինակ` Ռուսաստանը կարող է ԼՂ հիմնահարցը կապել Ղրիմի նախադեպի հետ»,- նշեց Ս. Մինասյանը:
Ինչ վերաբերում է Ջեյմս Ուորլիքի և Ջոն Հեֆերնի կողմից` «գրավյալ տարածքների վերադարձի» վերաբերյալ հայտարարություններին, ապա դրանք, ըստ բանախոսի, հավասարակշռության պահպանման փորձ են:
«Ինչ վերաբերում է «գրավյալ տարածքներ» արտահայտության օգտագործմանը, ապա, իմ խորին համոզմամբ, այն որևէ էական նշանակություն ունենալ չի կարող, քանի որ այս տարածքները հանդիսանում են կոնֆլիկտի ծագման արդյունք: Ավելին`նույն Ուորլիքի հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր 6 կետերը պետք է դիտարկվեն որպես «անբաժանելի ամբողջականություն»: Իսկ որ հայկական կողմերի համար առաջնայինը Արցախի կարգավիճակն է, երկու կարծիք լինել չի կարող»,- եզրափակեց քաղաքագետը: