.jpg)
Այսօր Հաղթանակների օր է
Մայիսի 9-ը համարվում է 2-րդ համաշխարհային պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի օրը: Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939թ.-ի սեպտեմբերի 1-1945թ.-ի սեպտեմբերի 2) իր չափերով ու պատճառած վնասներով աննախադեպ է մարդկության պատմության մեջ:
Երկրորդ աշխարհամարտը ծագել է իմպերիալիստական տերությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական հակասությունների սրման հետևանքով: Ֆաշիստական Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան պայքարել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի քաղաքական տիրապետող դիրքերը թուլացնելու և աշխարհի նոր վերաբաժանման նպատակով: Կարևոր խնդիր էր նաև Խորհրդային Միության տապալումն ու կոմունիստական վտանգի վերացումը:
Խորհրդային զորքերը, ազատագրելով ԽՍՀՄ տարածքը, ռազմական գործողությունները տեղափոխեցին ֆաշիստական զորքերի գրաված երկրներ:
Ռազմական գործողությունները ղեկավարում էին զորահրամանատարներ Գեորգի Ժուկովը, Ալեքսանդր Վասիլևսկին, Իվան Կոնևը, Կոնստանտին Ռոկոսովսկին, Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը և ուրիշներ: 1944թ.-ի հոկտեմբերին ամերիկյան զորքերն սկսեցին Ֆիլիպինների ազատագրումը ճապոնացիներից: 1945թ.-ի սկզբներին ակնհայտ էր, որ Գերմանիայի պարտությունը ամիսների հարց է: Իրենց ռազմաքաղաքական ծրագրերը համաձայնեցնելու նպատակով կոալիցիայի 3 պետությունների ղեկավարները 1945թ.-ի փետրվարի 4–11-ը Յալթայում (Ղրիմ) հրավիրեցին երկրորդ խորհրդաժողովը, որտեղ նաև որոշում ընդունվեց Միավորված ազգերի կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ և հանձնարարվեց 1945թ.-ի ապրիլի 25-ին Սան Ֆրանցիսկոյում գումարել հիմնադիր ժողով:
1945թ.-ի ապրիլի 16-ին խորհրդային զորքերն սկսեցին Բեռլինի գրոհը: Ապրիլի 25-ին ամերիկյան և խորհրդային զորամիավորումները հանդիպեցին Էլբայի ափերին: Ապրիլի 30-ին հայտնի դարձավ, որ Հիտլերն ինքնասպան է եղել: Երկու օր անց հանձնվեց Բեռլինը: Մայիսի 8-ի` լույս 9-ի գիշերը ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը: Ավարտվեց պատերազմը Եվրոպայում (Իտալիան 1943 թ.-ին դուրս էր եկել պատերազմից): Ավարտվեց նաև Հայրենական մեծ պատերազմը: Խորհրդային կառավարության որոշմամբ՝ մայիսի 9-ը երկրում հայտարարվեց տոն՝ Մեծ հաղթանակի օր:
Նշենք, որ 1992թ.-ի ձմեռվանից ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը (ԻՊՈՒ) ձեռնարկել են թշնամու կրակակետերի ոչնչացումը: Փետրվարի վերջերին Խոջալուում վնասազերծվել են ադրբեջանական կրակակետերը:
ԼՂՀ պաշտպանության նպատակով 1992թ.-ի մարտի 26-ին ստեղծվել է Ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ)՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Մայիսի 8-9-ի ռազմական գործողության շնորհիվ ԻՊՈՒ-ի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ղեկավարությամբ ազատագրվել է Շուշին:
Հավելենք նաև, որ այսօր տոնվում է Արցախի բանակի ստեղծման օրը: