Զուրաբյան. Գործող հանցավոր կազմակերպությունը կոչվում է ՀԱԿ երիտմիություն
10/05/2014 14:17

Զուրաբյան. Գործող հանցավոր կազմակերպությունը կոչվում է ՀԱԿ երիտմիություն

Հայաստանում գործում է մի «հանցավոր կազմակերպություն», որը կոչվում է ՀԱԿ երիտասարդական միություն։ Այս մասին ՀԱԿ երիտասարդական միության համագումարի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Դա մի հանցավոր կազմակերպություն է, որը, շարունակեց խոսքը Լ. Զուրաբյանը, տարիներ շարունակ ահաբեկման է ենթարկել ՀՀ իրավապահ մարմիններին, խախտել հասարակության անդորրը. «Այս կազմակերպության դեմ շատ լուրջ պայքար է գնացել, բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, բազմաթիվ մարդիկ ձերբակալվել են և դեռ շարունակվում է պայքարը այս կազմակերպության դեմ։ Ես չեմ խոսում «Կոզա Նոստրայի» կամ «Յակուձայի» մասին, ես խոսում եմ ՀԱԿ երիտասարդական թևի մասին»,- ասաց նա` հնչեցնելով «կազմակերպության հանցավորներին»` Տիգրան Առաքելյան, Արեգ, Սարգիս, Անի Գևորգյաններ, Մարիամ Մուրադյան, Տաթևիկ Պողպատյան, Դավիթ Վարդանյան, Դավիթ Քիրամիջյան:

Շարունակելով խոսքը` Լ. Զուրաբյանը հարցրեց, թե ինչպե՞ս կարող են նշյալ «լուսավորյալ անձինք» իրենց սեփական երկրում դառնալ հանցագործ, ապա տվեց հարցի պատասխանը. «Նրանք դարձել են հանցագործ, քանի որ այս երկիրը ղեկավարում են ավազակները, և այս պետական կազմը, որ հաստատվել է Հայաստանում, կոչվում է ավազակապետություն։ Ավազակները կառավարում են, ստանում են պաշտոններ, իսկ լուսավորյալ, արժանապատիվ երիտասարդները հայտնվում են բանտերում»:

Նշենք, որ համագումարին ներկա է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: Բացի այդ, ներկա էին նաև ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», «Հայազն», ՀԺԿ կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչները։

Նշենք նաև, որ կառույցը վերանվանվեց «Երիտասարդական Կոնգրես»։
 

Զուրաբյան. Գործող հանցավոր կազմակերպությունը կոչվում է ՀԱԿ երիտմիություն