Ուորլիքի հայտարարությունը քիչ է կապված հայ-ադրբեջանական հակամարտության հետ
10/05/2014 14:45

Ուորլիքի հայտարարությունը քիչ է կապված հայ-ադրբեջանական հակամարտության հետ

Հակամարտության խնդիր տարածաշրջանում չի լինի, իսկ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը փաստում է, որ ԱՄՆ-ը փորձում է Հարավային Կովկասում առաջատար դիրք զբաղեցնել` գործընթացները ուղղորդելով ԱՄՆ-ի համար նպաստավոր հունով: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

ԱՄՆ-ը, նրա խոսքով, փորձում է աշխարհաքաղաքական հակամարտության հնարավոր վերսկսման գործում լայնացնել ճակատը, իսկ այս համատեքստում Կովկասը դիտարկվում է որպես հնարավոր մի վայր, որտեղից կարելի է Ռուսաստանին դուրս մղել և Ռուսաստանի մոնոլոպոլիան չեզոքացնել հօգուտ ԱՄՆ-ի:

«Այնպես որ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը քիչ է կապված հայ-ադրբեջանական հակամարտության հետ, ընդամենը Հարավային Կովկասում ԱՄՆ-ի դերակատարությունը զգալի դարձնելու միտում ունի»,-ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը, թե Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք սեպ են խրում ռուս-հայկական հարաբերություններում, պետք է չեզոքանան, Հ. Մելիք-Շահնազարյանն ասաց, որ որևէ հասարակական կազմակերպություն միանշանակ չի կարող սեպ խրել երկրների հարաբերություններում:

«Դեսպանի հայտարարությունը հիմնավորված չէ և ամենևին դիվանագիտական հայտարարություն չէ, խորհուրդ կտամ մնալ լիազորություների շրջանակներում և դասեր քաղել»,- եզրափակեց խոսքը քաղաքագետը:
 

Ուորլիքի հայտարարությունը քիչ է կապված հայ-ադրբեջանական հակամարտության հետ