Կհանձնենք տարածք` կստանանք պատերազմ. Ռազմական փորձագետ
10/05/2014 17:00

Կհանձնենք տարածք` կստանանք պատերազմ. Ռազմական փորձագետ

Առնվազն միամտություն կլինի կարծելը, թե տարածք զիջելով հնարավոր է խաղաղություն ձեռք բերել: Տարածք հանձնելով մենք ռազմական տեսակետից շեշտակի կթուլանանք, և այդ դեպքում Ադրբեջանի համար կստեղծվի իրական հնարավորություն՝ Արցախը զավթելու համար:

Միամտություն է նաև կարծելը, թե Ադրբեջանում երբևէ կհրաժարվեն Արցախը զավթելու մտադրությունից: Նախևառաջ դա թույլ չի տա Թուրքիան, որը տարածաշրջանում ամրանալու խնդիր ունի:

Եվ հետո ի՞նչ է լինելու Ադրբեջանի կուտակած սպառազինության հետ: Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ արդեն տարածքները ստանալուց հետո Ադրբեջանն արդեն թուլացած հայկական կողմի հանդեպ ուժ չի կիրառի:

Չէ՞ որ այդ դեպքում Ադրբեջանի կուտակած սպառազինական պոտենցիալը լրիվ բավարար կլինի Արցախը զավթելու համար: Ո՞վ կարող է բացառել, որ մեր տարածաշրջանում ապագայում չի ստեղծվի մի այնպիսի քաղաքական իրավիճակ, որը նպաստավոր կլինի Արցախի կամ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի համար:

Եվ վերջապես ո՞ր մի պատասխանատու պետական գործիչը կհրաժարվի իր երկրի ու ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներից և հույսը կդնի օտար խաղաղապահ ուժերի վրա, առավել ևս, որ այդ ենթադրյալ խաղաղապահ զորախմբի բուն նպատակը ո°չ թե խաղաղություն պաշտպանելն է լինելու, այլ Իրանի հյուսիսում ռազմական ներկայությունը:

Ի վերջո, չմոռանանք, որ խաղաղապահ առաքելությունների համաշխարհային փորձը հուշում է, որ դրանք, մեղմ ասած, միշտ չէ, որ եղել են արդյունավետ, իսկ առավել հաճախ չեն ապահովել հուսալի խաղաղություն այդ թեժ կետերում, որտեղ կոչված էին դա անել:

Տարածքներ զիջելու մասին չի կարելի մտորել անգամ: Տարածք հանձնել չի կարելի: Կհանձնենք տարածք, կդառնանք խոցելի` կստանանք պատերազմ:
 

Կհանձնենք տարածք` կստանանք պատերազմ. Ռազմական փորձագետ