Ալեքսանդր Իսկանդարյան. Հնարավոր է՝ Ուկրաինայում երկրորդ Մայդան լինի
12/05/2014 17:14

Ալեքսանդր Իսկանդարյան. Հնարավոր է՝ Ուկրաինայում երկրորդ Մայդան լինի

Ուկրաինայում ընտրություններից հետո սպասվում է տնտեսական կոլապս, հնարավոր է՝ երկրորդ Մայդան լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ընդգծելով՝ այսօրվա Ուկրաինայում, ամեն դեպքում, նորմալ ընտրություններ չեն անցկացվի.

«Եթե ֆորս-մաժորային իրավիճակ չլինի՝ կհաղթի Պոռոշենկոն: Իհարկե, Ուկրաինայի ներսում կհայտնվեն ուժեր, որոնք չեն ընդունի այդ ընտրությունները, բայց դրանք կինեն նոր գործընթացի սկիզբը»,- ասաց քաղաքագետը:

Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձավ նաև Լուգանսկի ու Դոնեցկի հանրաքվեին՝ նշելով, որ դրա միջոցով այս շրջանները ևս ուզում են այնպես անել, որ իրենց կարծիքը հաշվի առնվի ուկրաինական տարածքում:

«Իմ կարծիքով՝ ՌԴ-ն հանրաքվեից հետո չի միացնի այդ տարածքներն իրեն: Սա Դոնեցկում և Լուգանսկում էլ են հասկանում »,- ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով հայ-ուկրաինական հարաբերություններին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց՝ ինչ պետություն էլ կձևավորվի Ուկրաինայում ընտրություններից հետո, Հայաստանը դրա հետ պետք է է ինչ-որ հարաբերություն ունենա.

«Առաջին հերթին, քանի որ Ուկրաինայում հայեր են ապրում, այնտեղ մենք ունենք մեծ հայ համայնք»,- ասաց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 25-ին: Նախագահի պաշտոնի համար պայքարելու է 21 թեկնածու, այդ թվում՝ երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:
 

Ալեքսանդր Իսկանդարյան. Հնարավոր է՝ Ուկրաինայում երկրորդ Մայդան լինի